ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան 01/19/2021 20:12 | Հարցազրույց

Հայաստանում գնաճի ահագնացող տեմպերը մտահոգիչ ցուցանիշներ են գրանցում: Դեռևս դեկտեմբերի սկզբին, հացի թանկացումից, բենզինի սակագնի բարձրացումից անմիջապես հետո, «Փաստինֆո» լրատվականն ահազանգ հնչեցրեց՝ սրան հաջորդելու է առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ գնաճը, ինչին էլ մենք ականատես ենք լինում արդեն այսօր:
Գոյություն ունեցող և դեռ սպասվելիք նոր թանկացումների շղթայի, ինչպես նաև Հայաստանում առկա խորը տնտեսական ճգնաժամի թեմայով «Փաստինֆո»-ն զրուցել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ:
- Պարոն Ապիկյան, ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված հայաստանյան վերջին գնաճը, որ արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հասարակության լայն զանգվածների մոտ:
- Վերջին գնաճը մի քանի պատճառներ ունի և դրանցից առաջին ու ամենաէական հանգամանքը, թերևս, դրամի արժեզրկումն է, որի արդյունքում, ավտոմատ կերպով ներմուծվող բոլոր ապրանքները նույնպես թանկանում են: Ներմուծումը, որպես կանոն, տեղի է ունենում արտարժութային գործարքներով, այսինքն` ներմուծվող ապրանքը, բնականաբար, նույն չափով թանկանում է: Երկրորդ՝ ձմռան ամիսներին, որպես կանոն, գնաճ մշտապես լինում է: Սա ավելի շատ կապված է լոգիստիկ բնույթի խնդիրներով, այսինքն, ձմռանը տրանսպորտն ավելի թանկ է, քան ամռան ամիսներին: Օրինակ, ձմռանը Լարսի միջանցքը, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կարող է մի քանի շաբաթ փակ լինել: Բնականաբար, մեքենաները, որ մնում են Լարսում, ավելի մեծ չափով ծախս են պահանջում, քան դա կլիներ տարվա մյուս եղանակներին և այլն: Այս ամենն իր հետքն է թողնում գնային ինքնարժեքի վրա, որի արդյունքում մենք ֆիքսում ենք նկատելի կամ ոչ այնքան նկատելի գնաճի տեմպեր:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված տեղական արտադրության ապրանքների թանկացումը:
- Հումքի գներով, որովհետև շատ ու շատ տեղական ապրանքների համար, հումքը, նույնպես, դրսից է ներմուծվում, հետևաբար, հումքի գնի փոփոխություններով պայմանավորված, փոխվում է նաև ինքնարժեքի գինը: Այստեղ էական դեր կարող է խաղալ նաև կոմունալ թանկացումների հանգամանքը, այսինքն, եթե երկրում թանկանում են գազն ու էլեկտրոէներգիան, շղթայական թանկացումներ են տեղի ունենում նաև տեղական արտադրության ապրանքների գներում նույնպես:
- Իսկ ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված դրամի արժեզրկումը Հայաստանում:
- Դրամի արժեզրկման առաջին և հիմնական պատճառը տնտեսական ծանր վիճակն է, հավասար չափով նաև՝ վստահության կորուստը: Կորոնավարակի, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած քաղաքական և տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ մարդիկ վախենալով դրամի արժեզրկումից, իրենց ունեցած խնայողությունները դրամից դոլարի վերածեցին: Սովորաբար, երկրի համար ճգնաժամային իրավիճակներում, այս պրոցեսն ավելի մասսայական բնույթ է կրում: Հետևաբար, մարդիկ հասկանում են, որ, նույնիսկ, ավանդով վճարվող տոկոսները չեն կարող փոխհատուցել դրամի անկնման տարբերությունը և արտարժույթ են առնում: Դրամի անկնման վերջին ցուցանիշները զգալիորեն պայմանավորված են նաև երկրից մեծ չափերի հասնող կապիտալի փախուստով: Վախենալով կամ զգուշանալով պետության ներսում ստեղծված այս կամ այն իրավիճակից, տվյալ պարագայում, առավել շատ՝ պատերազմի թողած հետևանքներից, մարդիկ իրենց գումարներն ուղղակի դուրս են հանում երկրից: Մյուս պարագայում, մարդիկ պարզապես հասկանում են, որ Հայաստանում այս պահին ներդրումներ անելն ուղղակի անիմաստ ֆինանսական կորուստների կհանգեցնի և հանելով կապիտալը, ներդրումներ են կատարում այլ երկրներում:
- Ի՞նչ վիճակ է այսօր Հայաստանում ներդրումային առումով:
- Արդեն տևական ժամանակ է ներդրումային դաշտը Հայաստանում խայտառակ վատ վիճակում է հայտնվել: Անցյալ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով, Հայաստանում արտասահմանյան մաքուր ներդրումային գումարը կազմել է ընդամենը 600 հազար դոլար, ինչը, մեծ հաշվով մի աշխատող ռեստորանի գումար է:
- Ի՞նչ վնասներ կարող է կրել տնտեսությունը՝ դոլարի շարունակ բարձրացող կուրսի ֆոնին:
- Սա, իր հերթին, բազմաթիվ բացասական հետևանքներ է թողնելու տնտեսական համակարգի վրա՝ ամբողջությամբ: Դոլարի կուրսի բարձրացման ֆոնին, առաջին հերթին, թանկանալու է ամեն ինչ, բացառապես՝ այն ամենն, ինչ ներմուծում է Հայաստանը և, նույնիսկ այն, ինչ արտադրվում է այստեղ՝ Հայաստանում, ինչի մասին արդեն խոսեցինք: Դոլարի կուրսի բարձրացումը էականորեն հարվածելու է նաև վարկային խնդիրներին: Մեր բանկերում արտարժույթով արտահայտված վարկային պորտֆեյլը շատ մեծ է: Նախկինում, երբ արտարժույթի կուրսն ավելի ստաբիլ էր, մարդիկ նախընտրում էին դոլարով, քան եվրոյով վարկեր վերցնել, ինչը, համեմատաբար, ավելի ցածր տոկոսադրույք էր ենթադրում: Այդ բոլոր վարկատերերը հիմա շատ լուրջ խնդիրների առաջ են հայտնվելու, որովհետև, եթե նրանց եկամուտները չեն ավելանում, ապա նրանք ուղղակի չեն կարողանալու կոմպենսացնեն արտարժույթի կուրսի բարձրացման արդյունքում առաջացած տարբերությունը՝ ստիպված լինելով ավելի մեծ գումար վճարել բանկին, քան նախկինում էին վճարում: Ընդ որում, դա կարող է լինել շատ ավելի մեծ չափերի հասնող գումար, քան նրանք պատկերացնում էին, որ կարող են վճարել:
- Պարոն Ապիկյան, ի՞նչ է սպասվում հայաստանյան բիզնես ոլորտին, առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
- Մոտակա մի քանի տարիների ընթացքում Հայաստանում գործող բիզնեսները միանշանակ չեն ունենալու ավելի մեծ եկամուտ, քան սրանից երկու կամ երեք տարի առաջ էր, եթե չասենք, որ չափազանց մեծ թվով փոքր ու միջին բիզնեսներ արդեն իսկ սնանկացել կամ փակվել են, շատերն էլ ուղղակիորեն այդ ճանապարհի վրա են:
- Արդյո՞ք այս տարի արձանագրված գնաճը մոտ է անցյալ տարիների՝ նույն ժամանակահատվածի գնաճի տեմպերին:
- Միանշանակ ոչ, որովհետև այս չափերի հասնող դրամի կտրուկ անկում մենք վերջին տարիների ընթացքում ուղղակի չենք ունեցել, ինչն, իմ կարծիքով, դեռ շարունակական բնույթ է կրելու: Այս ողջ իրավիճակում ամենավատ իրողությունն այն է, որ արտաքին աշխարհում բարենպաստ միջավայր նույնպես չկա: Այսինքն, եթե նախկինում, մեր երկրում տնտեսական վիճակը այս կամ այն չափով անկում էր ապրում, ապա դրսից դեպի Հայաստան ուղարկվող տրանսֆերտները գոնե օգնում էին, որպեսզի այստեղ՝ ներսում տնտեսությունը զգալի վնասներ չկրի: Հիմա դրսից ուղարկվող տրանսֆերտների վրա հույս դնել այնքան էլ չի ստացվի, որովհետև համավարակի թողած հետևանքները տնտեսական լուրջ և խորը ճգնաժամ են առաջացրել նաև ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած, տնտեսական առումով հիմա ողջ աշխարհն ուղղակի աղետի առաջ է հայտնվել: Այսպիսի իրավիճակը քիչ թե շատ բարենպաստ կերպով կհաղթահարեն միայն ամուր տնտեսական համակարգ ունեցող երկրները, իսկ թույլերի համար լավ հեռանակար չի սպասվում: Գերմանիան, օրինակ, անցյալ տարվա տվյալներով, համավարակի հետևանքով 10 տոկոս տնտեսական անկում է գրանցել, ինչն այդ երկրի համար՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աննախադեպ երևույթ է համարվել: Հաշվի առնենք, սակայն, որ Գերմանիայում գրանցված տնտեսական անկումը միայն համավարակի հետևանք է: Հայաստանի պարագայում մեր տնտեսությունը՝ բացի համավարակից, կրում է նաև պարտված պատերազմի հետևանքները:
- Պարոն Ապիկյան, տնտեսական ի՞նչ կանխատեսումներ կարող եք կատարել, այսինքն, այսպիսի իրավիճակում ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը ՝ մոտ ապագայում:
- Առաջիկա երկու - երեք տարիների ընթացքում մենք ոչ միայն տնտեսական աճ չենք գրանցելու, այլև ընդհակառակն՝ անկում ենք ունենալու: Եթե անցյալ տարի մեր տնտեսությունը երկնիշ տնտեսական անկում գրանցեց, ապա այս տարի, ամենաշատը կարող ենք հույս ունենալ, որ այդ անկումը չի գերազանցի 10 տոկոսը: Այսինքն, քաջածանոթ լինելով ոլորտի բոլոր խնդիրներին, ես չունեմ այն լավատեսությունը, որ մեր տնտեսությունը առաջիկա տարիների ընթացքում, գոնե մեկ տոկոսի հասնող աճ կգրանցի: Տնտեսական աճ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեզ չի սպասվում:
- Վերադառնալով գնաճի թեմային, որովհետև մեր հասարակության ճնշող մեծամասնության գերխնդիրը հիմա հենց գնաճի ահագնացող տեմպերն են, ի՞նչ սպասենք այս առումով:
- Ցավում եմ, բայց ընդհանուր վերլուծության արդյունքում, որևէ լավ լուր, այս առումով ասել, նույնպես չեմ կարող: Գնաճի տեմպերը հանգեցնելու է նրան, որ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել: Ցավալի իրողությունն այն է, որ առաջիկայում մարդիկ կսկսեն խնայել նաև ուտելիքի վրա ծախսվող գումարի չափը: Իրավիճակը շատ է հիշեցնում 90-ականների տխուր կյանքը: Չեմ կարծում, որ բանը կհասնի չեկերով տրամադրվող սննդի համակարգին, որովհետև, ի տարբերություն այսօրվա իրողությանը, 90-ականներին մենք պարենի դեֆիցիտ ունեինք, օրինակ` երկիրը չուներ բավարար չափով ալյուրի պաշար և ստիպված էր լինում հացը կամ առաջին անհրաժեշտության այլ մթերքներ տրամադրել հստակ չափաբաժիններով: Հիմա, իհարկե նմանօրինակ իրավիճակ չկա, բայց գնաճի տեմպերը և գործազրկության աճող մակարդակը կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ բառացիորեն ստիպված կլինեն կտրուկ կրճատել նաև առաջին անհրաժեշտության մթերքների ձեռքբերումը՝ բառացիորեն հանելով իրենց սննդակարգից քիչ թե շատ թանկ մթերքները՝ միսը, կաթնամթերքը և այլն: Գնաճի այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ, օրինակ, ստիպված կլինեն գոյատևել ամենահասանելի և էժան սննդով՝ բառացիորեն հաց ու ջրով: Մնացած անհրաժեշտ և բնական կարիքները բավարարելու համար, կլինի դա՝ դեղորայք, կոմունալ ծախսեր, մինիմում հագուստ և այլն, այս ամենը ձեռք բերելու համար, մարդիկ ստիպված են լինելու գնալ այդ սահմանափակումներին, ինչը, բնականաբար, ցավալի և ոչ մի տեղ չտանող հեռանկար է, որ ոչ մի լավ բան չի խոստանում մեր երկրի ու ապագայի համար:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները