ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ մայրս գտավ կորած աղջկան 04/23/2020 18:56 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանում ՀՅԴ վերահաստատման առաջին շրջանում հեռավոր Ավստրալիայից հայրենիք վերադարձած և խարիսխ ձգած սփյուռքահայերից է Վարսենիկ Մկրտչյանը: 1993-ից ի վեր նա այստեղ հիմնական հացսե ունի՝ Նալբանդյան 110, այսինքն, առանց «Արի տուն» կամ «Քայլ դեպի տուն» ծրագրի նա էն գլխից եկած-վերադարձածներից է:
Ինչպես Ցեղասպանությունը վերապրածի ցանկացած ժառանգ, նրա ընտանիքն էլ ունի նույն՝ հայի ծանր և հալածական ճակատագրին արժանացածների հանգույն ընդհանրական, բայց և՝ յուրահատուկ եղելությունը: Այդ պատմությունը նրան հանգիստ չի տվել մանուկ հասակից՝ մշտապես սևազգեստ Մեծ մոր՝ Ալմաստ տատի արցունքոտ աչքերը, տատիկից հարազատ մորը փոխանցված տխուր պատմությունը այսօր էլ նա առանց հուզմունքի չի կարողանում պատմել:
Կհիշեմ՝ Մեծ մայրս միշտ սև էր հագնում: Ալմաստ էր անունը, աղջկական ազգանունը՝ Ատուրյան, իսկ ամուսնականը՝ Մակարյան: Նրա աչքը միշտ արցունքոտ էր: Մայրս իր կողքն էր նստում և նրանք երկուսը մեկ եղած՝ լալիս էին: 1950-ական թվականներն էին, այդ շրջանում մեր ընտանիքը դեռ Լիբանանում էր ապրում: Օրեր անց, երբ մի քիչ մեծացել էի, հարցրեցի մորս, թե ինչու են ինքն ու Մեծ մայրիկս այդքան հաճախ լալիս: Նա նայեց ինձ և ոչինչ չասաց: Մի օր ես լսեցի, թե ինչպես մեծ մայրս մայրիկիս, ով շատ կտրիճ կին էր, ասում էր՝ էհ, Նուրիցա, ես կմեռնեմ, կգնամ ցավը մեջս, որ զավակս հոն ձգել և գնացել եմ: Այս բառերի իմաստն այնժամ չհասկացա, ավելի ուշ պիտի ընկալեի: Ասում էր՝ Նուրիցա, դու պիտի անպայման Բումբուշ գնաս և գտնես քույրերիդ: Այս բառի նշանակությունը չէի հասկանում, թեպետ այն մանկությունից է դաջվել հիշողությանս մեջ: Հետո միայն իմացա, որ Սիրիայի գյուղաքաղաքներից մեկն է, վայր, ուր երկու տարեկան դստերը և 6 ամյա տեգրոջ աղջկան կոտորածի ժամանակ կորցրել է:
Մեծ մայրս և հորեղբորս կինը նրանց մեջ էին, ովքեր 1910-ին Ադանայի կոտորածի օրերին ճամփա են ելնում դեպի Հալեպի կողմը: Դժվարին ճանապարհը երկու կանայք կքայլեին կողք-կողքի՝ իրենց հետ ՝ երկու փոքրիկները՝ երկու տարեկան մորաքույրս և վեցամյա հորեղբորս աղջիկը: Երկու կանայք դժվար ճանապարհից հետո փոշոտ, արյունոտ ոտքերով մի ծառի տակ հոգնությունից ու ցավից նվաղած- ընկնում մնում են: Մեծ մայրս ուշքի է գալիս այն պահին, երբ , չերքեզ մի կին քնած երեխաներին փախցնում-տանում է: Նա հետևից գոռում է, արյունոտ ոտքերը հազիվ շարժելով վազում, բայց չերքեզը արագորեն սուրում-անհետանում է՝ տանելով իր հետ վտիտ ու հոգնած փոքրիկներին: Երեխաներին կորցրած կանայք որքան էլ չցանկանային ճամփա ընկնել, մտածելով, թե կկարողանան գտնել զավակներին, ստիպված են լինում առանց նրանց շարունակել ճանապարհը: Աքսորը շարունակվում է…
Բումբուշ, Բումբուշ…
Մեծ հայրս՝ Մարգարը ֆրանսիական զինվորական պաշտոնյա էր: Բումբուշից հեռու մի գյուղաքաղաքում էր ծառայում: Աղջկան կորցնելուց 15 տարի անց, երբ այդ շրջանի զինվորականը պիտի գնար Բումբուշ, տատիկիս պատմելով, մեծ հայրս իր գործընկեր այդ զինվորականին ասում է՝ Բումբուշում մենք մեր երկու աղջիկներին ենք կորցրել: Եթե այնպես լինի, որ գտնես, լուր տուր ես կգամ, նրանց անուններն են Մարիամ և Եսթեր…
Այս մարդը գնում է այնտեղ, իր գործն անում, ապա՝ մասնակցում չերքեզների հարսանիքին: Երբ հարսանիքի ժամանակ աղջիկ-տղա պարի են ելնում, պապիս ծանոթ զինվորականը լսում է, թե ինչպես հետևում կանգնածներից մեկը նայելով պարողներին, ասում է՝ գյավուրները պարի ելան: Այս զինվորականը աղջիկներին սկսում է ուշադիր նայել և նրանց շատ նմանեցնում է մայրիկիս: Անմիջապես հեռախոսով զանգում է , թե՝ Մարգար, կարծեմ ես քո աղջիկներին գտել եմ:
Մեծ մամաս և իր տեգրոջ կինը, մյուս աղջկա մայրը նույն օրը ճամփա են ընկնում դեպի Բումբուշ գյուղաքաղաք:
Բնականաբար, 2 տարեկանում մորը կորցրած Մարիամ մորաքույրս իր հայ լինելը չէր էլ իմանում, մինչդեռ Եսթերը 6-7 տարեկան լինելով հիշողության մեջ պահել էր հայությունը: Զինվորականը միջնորդում է, որ ընտանիքները տեսնեն կորած աղջիկներին: Գնում են մերոնք չերքեզների տուն, տեսնում աղջիկներին: Մորաքույրս արդեն 17 տարեկան էր: Բայց նա նայում է Մեծ մորս աչքերին և ասում՝ ես չերքեզ եմ, հայ չեմ:
Մեծ հայրս նույնիսկ շատ ոսկի է խոստանում չերքեզ կնոջը, որ իր աղջկան հետ տան, բայց մորաքույրս չի գալիս, քանի որ չերքեզ կնոջն է համարում իր ծնողը: Միայն օրեր անց մեծ հորեղբոր աղջիկը պատմում է քրոջն այն, ինչ հիշում է մանկությունից, սովորեցնելով նրան, թե Ֆարիդա, մենք՝ ես ու դու հայ ենք, մեզ այս կինն իր տունն է բերել, ես էլ չգիտեմ, թե ովքեր են ծնողներս, բայց որ երկուսս էլ հայ ենք, հաստատ գիտեմ: Նա իր իսկական անունն էլ գիտեր՝ Եսթեր է, բայց քրոջս անունը չգիտեր, չէր հիշում:
Մորս որոնումները
1921-ին ծնվում է մայրս, քիչ անց՝ Բեյրութում մեծ հայրս մահանում է՝ մեծ մորս թողնելով իր վշտի հետ: Կորցրած աղջկան գտնելու պարտականությունը տատիկը փոխանցում է իմ մորը՝ որպես սրբազան պարտք: 1958-ին մայրս ՀՕՄ-ի արծվիկների միության պատասխանատուն լինելով աշխարհի օլիմպիական խաղերին մասնակցելու համար գնում է Հալեպ: Աշխարհի բոլոր կողմերից՝ արաբական երկրներից գալիս էին Հալեպ, ուր մեծ շքերթ պիտի լիներ: Այդ միջոցին՝ հայրս, մայրս և քեռիս քայլում են Հալեպի շուկայում, մայրս լսում է, թե ինչպես մի վարորդ Բումբուշ, Բումբուշ է կանչում: Մայրիկս հանկարծ հորս ասում է ՝Ահարոն, ես հիմա Բումբուշ պիտի երթամ, նա թե՝ կնիկ, դուն խենթ ես?: Իհարկե, հայրս գիտեր նրա քրոջ պատմությունը, բայց դժվարանում էր, կնոջը թույլ տալ այդ իսլամականների գյուղաքաղաքում որոնում սկսել: Ոչ, ասում է՝ մայրս, ինչ ուզում ես՝ ասա, պիտի գնամ: Մայրս, որ շատ կամային ու համարձակ էր, կանչում է վարորդին և մայրս, քեռիս ու հորեղբորս տղան, որը Հալեպում էր ապրում, նստում են մեքենա ու շարունակում են ճանապարհը դեպի Բումբուշ: Վարորդը հարցնում է, թե՝ ինչու եք Բումբուշ գնում, ինչ եք կորցրել այնտեղ, ուր ոչ մի հայ չկա : Մայրիկս նրան պատմում է իր ուղևորության պատճառը և քրոջ պատմությունը:
Վարորդը ճանապարհին իր բարեկամներին է տեսնում, որոնց հարցին, թե ուր է գնում ասում է, թե հորեղբորս աղջկա և տղայի հետ ման եմ գալիս նրանց զավակին: Վարորդի բարեկամը թե՝ երբ հասնեք Բումբուշ, գնա Մարուանենց տունը հարցրեք…
Մայրիկիս Եսթեր հորեղբոր աղջիկը արդեն Բումբուշում ամուսնացել էր չերքեզի հետ և 2 տղա, մեկ աղջիկ է ուներ. նա իր զավակներին սովորեցնում էր, թե ինքը հայ է և եթե նրանք հայ կին տեսնեն, մորաքույր պիտի ասեն: Իսկ Մարուանենց տունը, պարզվեց, հենց մամայիս մորաքրոջ տունն էր, Մարուանն էլ նրա որդիներից մեկն էր : Մարուանին ասում են, թե մամայիդ ընտանիքից հյուր ունեք, տղան էլ մորն է կանչում, ասելով, թե՝ ընտանիքիցդ հյուրեր են եկել, արի: Նրա մայրը, թե՝ ես ինչ ընտանիք ունեմ, որ մարդ գա: Վերջինս մորաքրոջս է ուղարկում, թե՝ Ֆերիդե, գնա նայիր, ով է?: Քիչ անց՝ 4-5 կին միասին քայլելով գալիս են դեպի մայրս: Մայրս այս կանանց տեսնելով՝ վազում է և փաթաթվում իր հորեղբոր աղջկան: Լաց լինելով տուն են մտնում: Եսթեր- Ֆերիդան /երկու աղջիկներին չերքեզ կինը նույն անունն է տվեվ/ մորս հարցնում է՝ով ես դու?, քույրս ես, հորեղբորս աղջիկն? ես: Մամաս, թե՝ ես Մարգար հորեղբորդ աղջիկն եմ: Քեզնից հետո եմ ծնվել, դրա համար էլ չես հիշում: Մամաս նրան ասում է՝ կուզեմ ինձ տանես հարազատ քրոջս՝ Մարիամի մոտ: Մամայիս հորեղբոր աղջիկը, քեռիս և հորեղբորս տղան մեքենա են նստում, որ կգնան: Եսթերը լալով սկսում է հարցնել իր հարազատներից՝ մայր, հայր, քույր, եղբայր… Մամաս հայտնում է, թե՝ երեք եղբայրներդ, քույրդ ողջ են, բայց ծնողներդ մահացել են: Երբ հասնում ենք մորաքրոջս տուն, Եսթերն է ասում Ֆերիդե, դուռը բաց, քույրդ է եկել: Գալիս է, բացում է, վեր կանչում: Խեղճ մամաս մի վայրկյան կանգ է առնում, նրա հետ էլ՝ ընդառաջ եկած՝ Մարիամի աղջիկը … իսկ Ադելը, մորաքրոջս տղան, ասես եղբորս հետ մեկ խնձոր լիներ կիսած: Նստում են, սկսում խոսել : Մայրս պատմում է ողջ եղելությունը, տատիկիս տառապանքի մասին, ասում է, որ մայրդ ողջ է, քսան ականներին եկել են քեզ փնտրելու, և այլն, բայց մորաքույրս չի համոզվում: Մարիամը թե՝ չէ, իմ ծնողքը չերքեզ են:
Մայրս չի նահանջում, ասում է՝ քույրս, եկել եմ քեզ տանեմ՝ մայրիկիդ, ընտանիքիդ անդամներին տեսնես, իսկ հայությունից անտեղյակ մորաքույրս, թե՝ չէ ու չէ…ԲԱնը հասնում է նրան, որ մայրս ասում է՝ քրոջս աջ թևի տակ մեծ խալ կա, բաց արա և եթե այդ խալը չլինի, ուրեմն, դու քույրս չես…Թևը բացում է, խալը ցույց տալիս, բայց դարձյալ չի հավատում… Այդ միջոցին մորաքրոջս աղջիկը իջնում է՝ ծաղիկ հավաքում և բերում մորս նվիրում, ասելով, սա իմ կողմից մեծ մամայիս տար:
Մայրս մտածում է, թե ինչու է Մարիամը ժխտում անժխտելին և հասկանում, որ քույրն ուղղակի նեղացած էր, չէր կարողանում ներել, որ իրեն թողել-հեռացել են… Նա այլևս չիմանալով ինչ ասի կամ անի՝ հուսահատ դուրս է գալիս: Երբ գնում է, որ մեքենա նստի, մորաքույրս ասում է՝ «Նուրիցա, այս անգամ էլ տասնյոթ տարեկան ատենիս պես չլինի, որ եկաք ու գնացիք: Երթալով նորեն՝ ինձ մի մոռնաք»: Այսինքն, նա արդեն ընդունել էր, որ մայրս իր քույրն է ու պարզապես հրաժեշտ են տալիս մեկմեկու…
Արյունով՝ հայ, կրոնով՝ իսլամ
Այս երկվությունը ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի է հատուկ: Նրանց մի մասը հայտնի են, մյուս մասը թաքուն: Եվ մինչ ի մահ այդ թաքունը պահում ու տանում են այն աշխարհ…
Մամաս վերադարձավ Բումբուշից, մեծ մամայիս տվեց թոռնիկի ուղարկած ծաղիկները, ասելով՝ աղջիկդ գտա, թոռնիկիդ էլ գտա, այս ծաղիկն էլ նա է նվիրել քեզ… Այդ օրից մեծ մամաս ուրիշ կյանքի մեջ մտավ: Մայրիկս վերադարձին արդեն որոշել էր, որ 10 ճր անց նորից պիտի գնա քրոջ մոտ: Երբ հայտնեց, մեծ մամաս հանեց իր խաչը և ասաց՝ սա տար քրոջդ վիզն անցուր: Մայրս այն նույն վարորդի հետ նորից Բումբուշ գնաց և հասնելով քրոջ տուն, ներքևից կանչեց՝ Մարիամ, Մարիամ, ես եկա՝ դուռը բաց: Վերևից, պատուհանից մորաքույրս ասաց՝ հիմա իմացա, որ իսկապես քույրս ես, բարի եկար: Ներս առավ մամայիս և մեկ ամիս մայրս այնտեղ մնաց: Երբ նա եկավ Բեյրութ, ապրիլ ամիսն էր, իսկ Մարիամ մորաքույրս և Եսթերը այդ նույն տարվա օգոստոսյան մի օր՝ կեսգիշերին մեր տան դուռը զարկեցին: Հայրս ելավ դուռը բացեց, պարզվեց, երկու հորեղբոր աղջիկ՝ խելք-խելքի տված՝ որոշել են գալ իրենց ընտանիքներին ծանոթանալ:
Մարիամ և Եսթեր՝ երկուսն էլ սևերի մեջ, գլխաշորը գլխներին կանգնած էին… բոլորս արթնացանք, իսկ առավոտյան մայրս ելավ քրոջ և հորեղբոր աղջկա հետ քաղաք իջավ, ապա՝ նրանց մեծ մամայիս, քեռուս քով տարավ իրենց: Եսթերը շուտ գնաց, իսկ Մարիամ մորաքույրս 1 տարի մեզ մոտ մնաց: Այդ օրերին, մամաս զգաց, որ մորաքույրս հիվանդ է, բժշկի տարանք, վերջինս լավ լուր չտվեց: Գրեցին, թե՝ գտնված հայ է և հիվանդանոց տարան, պարզվեց, նա թոքախտով հիվանդ է: Մարիամին բուժեցին բժիշկները, բայց երբ նա Բումբուշ գնաց, ցավը դռանը չոքեց՝ իր աղջիկը մահացավ նույն հիվանդությունից: Ինչ իմանայինք, որ նա էլ տառապում էր նույն հիվանդությամբ:
Մորաքույրս գրեթե ամեն տարի գալիս էր մեզ մոտ՝ ամառային ամիսները մեզ հետ էր անցկացնում: Համովիկ կին էր և հրաշալի ասեղնագործում էր: Իր ձեռագործներն այսօր էլ որպես անգին հիշատակներ պահում եմ: Հիշում եմ՝ երբ գալիս էր Բեյրութ, քեռուս տուն էր գնում, ասում էր՝ սա է իմ հայրական տունը: Երբ գնում էինք իրեն դիմավորելու, նա սև հագած էր լինում և գլխաշորով, իսկ երբ մեզ տեսնում էր, գլխի ծածկոցը, վրայի սև հագուստը հանում էր, և մեզ նման բաց հագուստով էր մնում : Երբ նորից իր տունը պիտի գնար, իսլամական շալն էր կապում ու գնում : Երբ մայրս ասում էր՝ Մարիամ, էլ մի կապիր, նա թե՝ քույրս չեմ կարող, ամուսին, զավակներ ունիմ, հայ եմ հոգով-արյունով, բայց կրոնով իսլամ եմ: Նա ուրիշ ճար չուներ, զավակները թողնել չէր կարող: Մեր տան մեջ անկյուն ուներ, նստում, իր աղոթքն էր անում, մենք իրեն չէինք կարող ասել, մի արա, 2 տարեկանից վարժվել էր: Մենք մերը, ինքն՝ իրենը կաներ: «Դուք ալ աստծո կաղոթեք, ես էլ , դուք կանգնած կաղոթեք, ես ՝ նստած: Աստված այս ճակատագիրն է տվել ինձ…
1969 թվականին մենք Ավստրալիա գնացինք, իսկ 1973-ին քեռիս ընտանյոք հանդերձ՝Ավստրալիա եկավ : Խեղճ մամաս շատ աշխատեց, որ Մարիամ մորաքույրը ևս գա, բայց քանի որ մեր անուն -ազգանուններն այլ էին, կառավարությունը չընդունեց: 1980 թվականին ես և մայրիկս գնացինք Հալեպ, մայրս տեսավ քրոջը… 88-ին մամաս մահացավ :
Հեղինակ ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը