Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող է վտանգել նաև պետության ազգային անվտանգությունը 01/23/2013   12:12  |  Վերլուծություններ

Այսօր քրեական հանցագործությունների ընդհանուր ծավալում մեծ տեղ են զբաղեցնում համակարգչային համակարգերի և ցանցերի օգտագործմամբ կատարվող հանցագործությունները, որոնց աճին և զարգացմանը նպաստում է հանցագործության տվյալ տեսակի էությունը, ինչը պայմանավորված է համացանցի բաց և հանրամատչելի բնույթով ու միջպետական սահմաններ չճանաչող վիրտուալ տարածքում գործող իրավախախտների անպատժելիությամբ և նման հանցագործությունների քննության հարցերով իրավապահ մարմինների ոչ պատշաճ պատրաստվածության մակարդակով:

Ցանկացած պետության ազգային ենթակառուցվածքներն արդեն այսօր սերտորեն առնչվում են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառման հետ: Բանկային և էներգետիկ համակարգերի, օդային հաղորդակցության, տրանսպորտային ցանցի կառավարման ամենօրյա գործունեությունը, նույնիսկ շտապ բուժօգնությունը, լիարժեք կախվածության մեջ են ավտոմատացված էլեկտրոնային հաշվողական համակարգերի հուսալի և անվտանգ աշխատանքից:

Համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցավորությունը` կիբերհանցավորությունը` միջազգային նշանակության երևույթ է, որի մակարդակն անմիջականորեն կախված է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների զարգացման և ներդրման մակարդակից, դրանց ընդհանուր օգտագործման և հասանելիության համակարգերից:

Այսպիսով, տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը շահադիտական և այլ շարժառիթներով համակարգչային տեխնոլոգիաների օգտագործման պոտենցիալ սպառնալիք է պարունակում, ինչը որոշակիորեն կարող է վտանգել պետության ազգային անվտանգությունը:

Կիբերհանցագործի հիմնական նպատակը տարատեսակ գործընթացները կառավորող համակարգչային համակարգն է, այն տեղեկատվությունը, որը շրջանառվում է դրանում:

Ի տարբերություն իրական կյանքում գործող մյուս հանցագործների, կիբերհանցագործը չի կիրառում ավանդական հանցագործության գործիքներ` դանակ և ատրճանակ: Նրա զինանոցը տեղեկատվական զենքն է, բոլոր այն գործիքները, որոնք կիրառվում են ցանց ներթափանցելու, այն «կոտրելու» և ծրագրային ապահովման մոդիֆիկացիայի, չթույլատրված տեղեկություն ստանալու, կամ համակարգչային համակարգերը արգելափակելու համար:

Կիբերհանցագործությունների զինանոցին կարելի է ավելացնել նաև համակարգչային վիրուսները, տարատեսակ հարձակումները, որոնք հնարավոր են դարձնում չթույլատրված հասանելիությունն ու մուտքը համակարգչային համակարգ:

Ժամանակակից համակարգչային հանցագործների զինանոցում առկա են ոչ միայն ավանդական միջոցներ, այլև ամենաժամանակակից սարքավորումներ. այդ հիմնախնդիրն արդեն վաղուց հատել է պետության սահմանը և ստացել միջազգային նշանակություն:

Արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց, Հայաստանում մշտապես ավելանում է վտանգն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր անձանց և կազմակերպությունների համակարգչային համակարգերի համար:

Տարբեր երկրներում և, առաջին հերթին, զարգացած երկրներում կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ կիբերհանցավորությունն անձանց հուզող հարցերի շարքում զբաղեցնում է առավել առաջնային տեղ:

Կիբերհանցագործություն հասկացությունը դեռևս ամբողջությամբ ընկալելի չէ բոլոր իրավապահ մարմինների համար, մինչդեռ այն հանցավոր գործողությունները, որոնցում օգտագործվում է գլոբալ համակարգչային ցանցը, հասարակական վտանգ է ներկայացնում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններն իրենց մեջ ներառում են ինչպես վնասաբեր վիրուսների տարածումը, գաղտնաբառերի կոտրումը, կրեդիտ քարտերի համարների և բանկային այլ վավերապայմանների գողությունը (ֆիշինգ), այնպես էլ համացանցի միջոցով հակաօրինական տեղեկատվության տարածումը (զրպարտություն, պոռնոգրաֆիական բնույթի նյութեր, միջազգային և միջկրոնական թշնամանք առաջացնող նյութեր և այլն):

Բացի այդ, համացանցի օգտագործմամբ կատարվող առավել վտանգավոր և տարածված հանցագործություններից է` խարդախությունը, որն առավել հաճախ դրսևորվում է բանկային և ֆինանսական, հեռահաղորդակցության, էլեկտրոնային առևտրի ոլորտներում:

Շուկայի տվյալ հատվածում աշխատող կազմակերպությունները պարբերաբար բախվում են կիբերխարդախների կողմից ապրանքների կամ ծառայությունների ապօրինի ստացման փորձերի հետ:

Բացի այդ, վիրտուալ հանցագործներից առավել հաճախ տուժում են բանկերի և վճարային համակարգերի հաճախորդները, հեռախոսային ցանցերի և համացանցի, էլեկտրոնային և մոբիլ առևտրի ծառայությունների օգտատերերը:

Ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները վտանգ են ներկայացնում ամբողջ հասարակությանը, ուստի դրանց դեմ պայքարել հնարավոր է միայն ուժերը համախմբելով:

Վիճակագրական տվյալների համաձայն` հենց խարդախություններն են IT-միջավայրում (համացանցում) առավել տարածված հանցագործությունները, և դրանց քանակն ավելանում է տարեցտարի, ընդ որում, նման հանցագործությունների համար առավել մեծ է լատենտայնությունը:

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել բանկային քարտերի, ցանցային վճարային բանկային քարտերի օգտագործմամբ, ցանցային վճարային ծառայությունների և հեռակառավարվող բանկային ծառայությունների համակարգերի միջոցով կատարվող հանցագործությունները:

Առավել հաճախ են դարձել սքիմինգային սարքավորման օգտագործմամբ կատարված գործողությունները, որոնք բանկային քարտերի տեղեկությունների ապօրինի ստացման և դրանց կրկնօրինակների պատրաստման հնարավորություններ են ստեղծում: Իսկ սքիմերների աշխատանքին կարելի է խոչընդոտել, օրինակ, բանկոմատների վրա հակասքիմինգային սարքավորումներ տեղադրելու միջոցով:

Միաժամանակ, վարկային կազմակերպություններն, իրենց հերթին, լրջորեն պետք է զբաղվեն բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքներով, քանի որ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն նման հանցագործությունների գոյության մասին և հեշտությամբ կարող են դառնալ դրանց զոհը:

Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ ստիպում է գնալ ժամանակին համաքայլ` ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական առումով, չէ որ յուրաքանչյուր նորարարություն նորանոր հնարավորություններ է ստեղծում նաև քրեական տարրերի համար:

Կիբերհանցագործությունը հսկայական տեմպերով զարգացում է ապրում և որպեսզի բոլորը կարողանան հաղթահարել այդ հիմնախնդիրը, անհրաժեշտ է ապահովել իրավապահ մարմինների, բանկային կառույցների և IT-ոլորտում աշխատող կազմակերպությունների գործընկերությունը, ինչպես նաև` միջազգային փոխհամագործակցության մեխանիզմների ներդրումը:

Norton կազմակերպության` 2012թ. սեպտեմբերին ներկայացրած` օգտատերերի դեմ կատարված կիբերհանցագործությունների վերաբերյալ տարեկան զեկույցի (Norton cybercrime report 2012) համաձայն` կիբերհանցագործությունների արդյունքում օգտատերերին պատճառվել է շուրջ 110 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս: Ռուսաստանում այն կազմել է 2 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ կիբերհանցագործությունների զոհ է դարձել ավելի քան 31.4 միլիոն մարդ:

Չնայած այն հանգամանքին, որ օգտատերերի զգալի մասը անհատական տվյալների և տեղեկատվության պահպանման ուղղությամբ ձեռնարկում են հիմնարար միջոցներ, նրանցից 40%-ն, այնուամենայնիվ, զլանում է կիրառել զգուշավորության տարրական մեթոդներ, մասնավորապես` ստեղծում են սովորական գաղտնաբառեր կամ պարբերաբար դրանք չեն փոխում: Մեկ այլ խնդիր է այն հանգամանքը, որ բոլոր օգտատերերը չէ, որ գիտեն, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխությունների են ենթարկվել կիբերհանցագործությունների որոշ ձևերը: Օրինակ, օգտատերերի 40%-ը տեղյակ չէ, որ վնասաբեր ծրագրերը կարող են գործել նաև աննկատ և դժվար է որոշել համակարգչի ախտահարվածությունը, իսկ կեսից ավելին (55%-ը) վստահ չեն` իրենց համակարգիչն արդյոք վարակված է, թե` ոչ:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարելով տնտեսության զարգացման առաջնային ճյուղերից մեկը, ակտիվ քաղաքականություն է վարում դրա ընդլայնման ուղղությամբ: Արդյունքում` պետական կառավարման, կենսապահովման կարևոր ենթակառուցվածքների, բանկային և այլ բնագավառների օբյեկտներում ավելի լայն կիրառություն են ստանում տարբեր տեսակի տեղեկատվական հեռահաղորդակցական համակարգերը: Պետական մարմինների կողմից կիրառվող որոշ տեղեկատվական համակարգեր ունեն առավել կարևոր պետական և հանրային նշանակություն, որոնց միջոցով հասարակությանը մատուցվում են էլեկտրոնային կառավարման ծառայություններ:

Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերը լայն կիրառում են ստանում նաև այնպիսի կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, ինչպիսիք են` էներգառեսուրսների, օդային և ցամաքային տրանսպորտի, ինչպես նաև կապի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, որոնք կարող են հանդիսանալ հանցավոր բնույթի, այդ թվում` ահաբեկչության հնարավոր ոտնձգությունների պոտենցիալ թիրախներ և դրանց խափանումը կարող է հանգեցնել մարդկային կյանքի կորստի, բնապահպանական ճգնաժամային վիճակի, ինչպես նաև` ՀՀ անվտանգության ներուժի քայքայման վտանգների:

Քանի որ վիրտուալ տարածքը չունի սահմաններ, համակարգչային հանցագործությունները կարող են սկսվել մեկ երկրում, շարունակվել այլ երկրում և ավարտվել բոլորովին ուրիշ երկրում, դրանք հիմնականում կրում են անդրազգային բնույթ, և մի առանձին վերցրած երկիր չի կարող պայքարել դրանց դեմ: Ուստի` հաշվի առնելով զարգացած երկրների փորձը` 2001թ. Եվրախորհրդի կողմից մշակվել է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիան, որը նման հանցագործությունների դեմ պայքարի միջազգային հիմնական գործիքն է: Այն սահմանում է կիբերհանցագործությունների տեսակները, կարգավորում միջազգային համագործակցությունը` պետություններին պարտավորեցնելով բարձրացնելու դրանց դեմ պայքարի օպերատիվությունը:

Հայաստանի Հանրապետությունը «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիան վավերացրել է 2006թ. մարտի 21-ին, որն ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 1-ին:

Կիբերհանցագործությունների վերաբերյալ Բուդապեշտի կոնվենցիան կիբերտարածքում կատարվող հանցագործությունները դասակարգում է 4 խմբերի.

1. Համակարգչային տվյալների և համակարգերի գաղտնիության, ամբողջականության և հասանելիության դեմ ուղղված առաջին խումբ հանցագործությունների կազմի մեջ են մտնում` առանց թույլտվության մուտք գործելը (հոդված 2-րդ), ապօրինի տիրանալը (հոդված 3-րդ), ներգործությունը համակարգչային տվյալների (հակաօրինական կանխամտածված վնասումը, ջնջումը, որակի վատթարացումը, համակարգչային տվյալների փոփոխումը կամ արգելափակումը) (հոդված 4-րդ) կամ համակարգերի (հոդված 5-րդ) վրա:

Հանցագործությունների տվյալ խմբի մեջ են մտնում նաև հատուկ տեխնիկական սարքերի (հոդված 6-րդ), 2-5-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների կատարման համար մշակված կամ հարմարեցված համակարգչային ծրագրերի, ինչպես նաև` համակարգչային գաղտնաբառերի, մուտքի կոդերի, դրանց անալոգների հակաօրինական օգտագործումը, որոնց միջոցով հնարավոր է ստանալ ամբողջ համակարգչային համակարգի կամ դրա մի մասի հասանելիություն:

6-րդ հոդվածի նորմերը կիրառելի են միայն այնպիսի դեպքերում, երբ հատուկ տեխնիկական սարքերի գործածումն (տարածումը) ուղղված է հակաօրինական արարքների կատարմանը:

2. Երկրորդ խմբում են համակարգչային միջոցների օգտագործմանն առնչվող հանցագործությունները, որոնց թվին են դասվում համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված կեղծիքն ու խարդախությունը (հոդված 7-8-րդ):

Համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված կեղծիքն իր մեջ ներառում է համակարգչային տվյալների հակաօրինական դուրսբերումը, փոփոխումը, ջնջումը կամ արգելափակումը, որոնք հանգեցնում են տվյալների աուտենտիկության (հատկություն, որը բնորոշում է սուբյեկտին առ այն, որ այն համարժեք է հայտարարվածին) խափանմանը` այդպիսիք իրավաբանական նպատակներով որպես աուտենտիկ դիտարկելու կամ օգտագործելու դիտավորությամբ:

3. Երրորդ խմբում են մանկական պոռնոգրաֆիայի թողարկումը (համակարգչային համակարգի միջոցով տարածելու նպատակով), օգտագործման տրամադրելը և (կամ) դրա առաջարկը, ինչպես նաև` համակարգչի հիշողության մեջ գտնվող մանկական պոռնոգրաֆիային տիրապետելը (հոդված 9):

4. Չորրորդ խմբում են հեղինակային և հարակից իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունները:

Համաձայն Կոնվենցիայի` յուրաքանչյուր մասնակից-պետություն պարտավոր է կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրավասու մարմինների համար ստեղծել ստորև թվարկված իրավունքների և պարտականությունների տրամադրման համար անհրաժեշտ իրավական պայմաններ, այն է` համակարգչային համակարգի, դրա մի մասի կամ կրիչի առգրավման, համակարգչային տվյալների պատճենահանման և բռնագրավման, գործին վերաբերող` պահպանվող համակարգչային տվյալների ամբողջականության ապահովման, համակարգչային համակարգում գտնվող համակարգչային տվյալների վերացման և արգելափակման հնարավորություն:

Կոնվենցիան պահանջում է նաև, որպեսզի համացանցային պրովայդերների համար ստեղծվեն համապատասխան իրավական պայմաններ, վերջիններիս` առկա տեխնիկական միջոցներով անհրաժեշտ տեղեկության հավաքում, ֆիքսում և որսում իրականացնելը պարտավորեցնելու, ինչպես նաև դրանում իրավապահ մարմիններին օժանդակելու համար: Ընդ որում, առաջարկվում է պրովայդերների հետ նման համագործակցության փաստերի վերաբերյալ պահպանել լիարժեք գաղտնիություն:

2002թ. սկզբներին ընդունվել է կիբերհանցագործությունների վերաբերյալ կոնվենցիային կից թիվ 1 հավելվածը, ըստ որի` հանցագործությունների թվին են դասվել նաև ռասսայական կամ այլ բնույթի` բռնի գործողությունների դրդող, ազգային, կրոնական կամ էթնիկական պատկանելության վրա հիմնված առանձին անձի կամ անձանց խմբի նկատմամբ անհանդուրժողականություն կամ խտրականություն առաջացնող տեղեկության տարածումը:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կիբերհանցագործությունները բարձր տեխնոլոգիաների` համակարգչային համակարգի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում (էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով կարգավորվող ոլորտում) կատարվող և այդ համակարգի, այդ թվում` տեղեկության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են:

Ոլորտն, ինչպես նշվեց, անմիջականորեն առնչվում է էլեկտրոնային վճարային համակարգերի և էլեկտրոնային վճարային միջոցներին, որպիսիք են` Webmoney, Paypal, Edram և այլ համակարգերը:

Բացի այդ, կիբերհանցագործությունները, որպես կանոն, ուղղակի կապի մեջ են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման` փողերի լվացման, ահաբեկչության, դրա ֆինանսավորման և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցակազմերի հետ:

Միաժամանակ, ինչի մասին նույնպես նշվեց, կիբերհանցագործությունները, այդ թվում` համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, հաճախ լինում են անդրազգային, այսինքն` հանցագործները գործում են մի երկրում, իսկ նրանց զոհերը կարող են գտնվել մեկ այլ պետության տարածքում, ուստի` նման հանցագործությունների դեմ պայքարում հատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցությունը:

ՀՀ քրեական օրենսգիրքը չունի կիբերհանցագործությունների համար հատուկ նախատեսված առանձին գլուխ: Փոխարենը օրենսգրքի 24-րդ գլուխը նվիրված է համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին:

Մինչդեռ, ինչպես որ նախատեսում է կիբերհանցագործությունների վերաբերյալ Բուդապեշտի Կոնվենցիան, այդպիսին են համարվում նաև համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված կեղծիքն ու խարդախությունը, մանկական պոռնոգրաֆիայի թողարկումը (համակարգչային համակարգի միջոցով տարածելու նպատակով), օգտագործման տրամադրելը և (կամ) դրա առաջարկը, համակարգչի հիշողության մեջ գտնվող մանկական պոռնոգրաֆիային տիրապետելը, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունները:

Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսդրության համաձայն` համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում տեղեկատվական գործընթացների ոլորտում կատարվող և տեղեկատվական անվտանգությանը ոտնձգող այնպիսի արարքները, որոնց առարկան տեղեկատվությունն ու համակարգչային միջոցներ են:

Ոտնձգությունների տվյալ խումբը քրեական օրենսդրության հատուկ մասի ինստիտուտ է, որոնց կատարման համար պատասխանատվություն է նախատեսվում 24-րդ գլխով:

Քննարկվող հանցագործությունների տեսակային օբյեկտ են տեղեկատվության անվտանգության և էլեկտրոնային հաշվողական մեքենաների միջոցով տեղեկատվության վերամշակման համակարգերի հետ կապված հասարակական հարաբերությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ են.

1. Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը)` ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդված,
2. համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը` ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդված,
3. համակարգչային սաբոտաժը` ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդված,
4. համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդված,
5. համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդված,
6. վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդված,
7. համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը` ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդված:

Էլեկտրոնային-հաշվողական տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հակաօրինական գործողությունների հասարակական վտանգավորությունն այն է, որ դրանք կարող են հանգեցնել կառավարման ավտոմատացված համակարգերի և տարատեսակ օբյեկտների վերահսկման գործունեության խափանումների, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և դրանց համակարգերի աշխատանքի լուրջ խանգարումների, տեղեկատվության և տեղեկատվական ռեսուրսների ոչնչացման, մոդիֆիկացիայի, խեղաթյուրման, արտատպմանն ուղղված չթույլատրված գործողությունների, տեղեկատվական համակարգեր ապօրինի միջամտելու այնպիսի եղանակների, որոնք կարող են առաջացնել ոչ միայն գույքային վնասի, այլ նաև մարդկանց ֆիզիկական վնաս հասցնելու հետ կապված ծանր և անդառնալի հետևանքներ:

Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդված), ինչպես նաև վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդված) կարող են կատարվել միայն գործողությունների արդյունքում, այն դեպքում, երբ համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդված)` ինչպես գործողության, այնպես էլ անգործության արդյունքում:

Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը նյութական հանցագործություն է, իսկ վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը` ձևական: Որպես հետևանք` ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ և 256-րդ հոդվածներով նախատեսված են գույքային զգալի վնասն ու տեղեկատվության ոչնչացումը, ուղեփակումը, վերափոխումը կամ պատճենահանումը:

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում և նախատեսում է ըստ էության կիբերհանցագործության հատկանիշներ պարունակող նաև այնպիսի հանցավոր արարքներ, որոնք ընդգրկված չեն օրենսգրքի` համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին նվիրված 24-րդ գլխում, մասնավորապես` սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ընդգրկված ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների համար, իսկ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ընդգրկված ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում` պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելու, ինչպես նաև` համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացման, կամ համակարգչային համակարգում, կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանման համար:

Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը Բուդապեշտի Կոնվենցիան վավերացրել է դեռևս 2006թ. և 2008թ. ստեղծել 24/7 ազգային կոնտակտային կետը, մեր քրեական օրենսդրությունը լիովին չի համապատասխանում Բուդապեշտի կոնվենցիայից բխող պահանջներին:

Մասնավորապես` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել` համակարգչային համակարգ անօրինական հասանելիություն ստանալու համար, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվում այնպիսի անօրինական հասանելիության համար, որը վնաս է առաջացրել անզգուշությամբ:

Նման ձևակերպումը չի բխում Կոնվենցիայի պահանջներից, քանի որ անօրինական հասանելիությունն անկախ վնասի պատճառման հանգամանքից, արդեն իսկ պետք է դիտվի քրեորեն պատժելի արարք, իսկ ներկայիս ձևակերպումը կարող է դիտվել որպես հանցակազմի առանձին տեսակ:

ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում` վնասաբեր ծրագրերով կրիչներ տարածելու համար, մինչդեռ ժամանակակից թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս վնասաբեր ծրագրեր տարածել նաև համացանցով, որն, ըստ էությա, առաջացնում է անպատժելիության մթնոլորտ:

ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսվում` մանկական պոռնոգրաֆիայի ներկայացման կամ պահպանման համար, այնինչ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում և պատասխանատվություն է նախատեսում նաև համակարգչային համակարգով նման նյութերի ձեռքբերման համար:

Բացի այդ, նպատակահարմար է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, որպեսզի սոցիալական ցանցերն ու բլոգները նույնպես դիտվեն որպես զանգվածային լրատվության միջոցներ, որի արդյունքում հնարավոր կլինի ԶԼՄ-ներում տեղադրված համապատասխան նյութերը դիտարկել որպես տարածում ստացած:

Նման փոփոխությամբ հնարավոր կլինի լուծել նաև Կոնվենցիայի` քսենոֆոբիայի համար պատասխանատվություն նախատեսող հավելվածով սահմանվող նյութերի տարածման արդյունքում առաջացող հիմնախնդիրների հարցը:

Բացի այդ, Կոնվենցիայի առանձին հոդվածներ կարգավորում են տեղեկատվության նախապահպանության ներպետական և միջազգային հարցումների կատարման կարգը: Ներկայումս ՀՀ-ում նմանատիպ հարցում հնարավոր չէ կատարել, քանի որ, համացանցային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից տեղեկության պահպանման ժամկետների, ձևաչափերի համապարտադիր լինելու մասին դեռևս օրենսդրական կարգավորում չկա:

Կոնվենցիայի 16-րդ (Կուտակվող համակարգչային տվյալների պահպանման օպերատիվ ապահովումը) հոդվածը հնարավորություն է տալիս իրավապահ մարմնին հարցման հիման վրա ԻԾՄ և այլ իրավաբանական ու ցանկացած ֆիզիկական անձի հանձնարարել նախապահպանել համակարգչային ցանկացած տեղեկություն, ներառյալ այն տեղեկությունը, որն արդեն իսկ առկա է ԻԾՄ-ի մոտ, այդ թվում` հոսքի (traffic data), պարունակության (content data) վերաբերյալ, ինչպես նաև` ցանկացած տեղեկություն` հարցումը ստանալու պահից սկսած:

Հանձնարարություն տալուց հետո իրավապահ մարմինը նախապահպանված տեղեկությունը նախապահպանողից կարող է ստանալ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը Եվրախորհրդի «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու` ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ հիմնախնդրի ուսումնասիրության, անհրաժեշտ առաջարկությունների ներկայացման և օրենսդրական բարեփոխումների փաթեթի նախագծի կազմման նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի` 24.08.2012թ. հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ազգային անվտանգության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների կազմով:

Հատկանշական է, որ աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:

Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների, այդ թվում` համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների պայքարով զբաղվում են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության` 3-րդ վարչության 1-ին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԿԱ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի մասնագիտացած ստորաբաժանումները, որոնք էլ իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հայտնաբերված փաստերով նախապատրաստում նյութեր:

Արդի ժամանակաշրջանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված` նոր հանցատեսակների դեմ պայքարի միջազգային փորձը և միջազգային մասնագիտացված կառույցների համապատասխան պահանջները հաշվի առնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 181, 251-257-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների գործերով նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարման ու դատախազական հսկողության լիազորությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազի 06.04.2012 թ. N 15 հրամանով վերանվանված` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության վրա:

Նշված ժամանակահատվածից սկսած վարչությունը, ԱԱԾ քննչական քննչական վարչությունում քննվող քրեական գործերի և նախապատրաստվող նյութերի մասով պայմանավորված լիազորություններից զատ, միասնական, կենտրոնացված կարգով իրականացնում է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված վերոհիշյալ հանցագործությունների գործերով հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունը:

Հաշվի առնելով համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նյութերի նախապատրաստման, քրեական գործերի քննության առանձնահատկությունները, տվյալ հանցատեսակի դեմ պայքարի արդիականությունն ու զարգացման միտումները, դրանցով պայմանավորված` նոր մարտահրավերներին պատշաճ կերպով դիմակայելու անհրաժեշտությունը, որոնք պահանջում են նաև հատուկ մասնագիտական գիտելիքների իմացություն և պարբերական վերապատրաստություն, ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազության կազմում գործող համապատասխան վարչության դատախազների հետ անմիջապես աշխատելու, դատախազական հսկողությունն ու տվյալ հանցատեսակի բացահայտելիությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի առաջարկով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության կազմում առանձնացվել են 2 փորձառու քննիչներ, որոնք պետք է մասնագիտանան բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված հանցատեսակների գործերով քննության մեջ:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի հարցերով մասնագիտացած 3-րդ վարչության 1-ին բաժինը, որտեղ և հիմնականում նախապատրաստվում են հանցագործության դեպքերով նյութերը, ուստի ոստիկանապետին հասցեագրված համապատասխան գրությամբ հանձնարարվել է բաժնի` դատախազական հսկողության մասով աշխատանքները համակարգել ՀՀ գլխավոր դատախազության վարչության հետ:

Քննիչների մասնագիտացմամբ, քննության կենտրոնացմամբ, ինչպես նաև տվյալ հանցատեսակի քննության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտում համապատասխան լիազորությունների ստանձնումից հետո ընկած ժամանակահատվածում վարչություն մուտքագրված հիշյալ կատեգորիայի բոլոր նյութերն ու քրեական գործերը կենտրոնացվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում:

Մասնագիտացման կարևորությունն ու առանձնահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ տվյալ հանցատեսակի պարագայում գործ ենք ունենում, այսպես կոչված, թվային-էլեկտրոնային ապացույցների հետ: Նման պայմաններում անհրաժեշտ են դրանց հայտնաբերման, ֆիքսման, զննման, առգրավման, պահպանման և փորձաքննությունների անցկացման միանգամայն նոր մոտեցումներ, իմացություններ և հմտություններ:

Մասնավորապես` ոչ երկրի տարածքում տեղակայված, սակայն կիբերտարածության առումով հասանելի սերվերներից անհրաժեշտ տեղեկության առգրավումը, որը չի հակասում ոլորտը կարգավորող` «Բուդապեշտի կոնվենցիային»:

Հայաստանի Հանրապետությունում, մինչ օրս քննված քրեական գործերի շարքում, առավել հաճախ հանդիպել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակություններ, այդ թվում` խարդախություններ ու շորթումներ: Վերջիններիս պարագայում պարարտ հող են ազգաբնակչության շրջանում լայն տարածում գտած սոցիալական ցանցերը, մասնավորապես` «odnoklassniki.ru»-ն, «vkontakte.ru»-ն, «mamba.ru»-ն, «facebook.com»-ը և այլն:

Ընդ որում, զոհերից, որպես կանոն, գումար են շորթում վերջիններիս մասնակցությամբ պոռնկագրական բնույթի լուսանկարները կամ արատավորող այլ տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով: Գրանցվել են նաև այս կամ այն ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման պատրվակով օգտատերերի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր, որոնց կատարողները գործել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքից: Մասնավորապես` հաճախորդներին վճարման են ներկայացվել ապրանքների իրական մատակարարի հետ որևէ առնչություն չունեցող բանկային հաշվեհամարներ:

Որպես ՀՀ իրավապահների կողմից քննված և դատական ակտով ավարտված կիբերհանցագործությունների վերաբերյալ ուշագրավ քրեական գործերի օրինակներ` ներկայացվում են հետևյալ գործերը.

1. Նիդերլանդների Թագավորության քրեական իրավապահների կողմից կազմակերպված հանցավոր խմբավորմանն անդամակցելու, կիբերհանցավորության և փողերի լվացման մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Գեորգի Ավանեսովը, 2010թ. հոկտեմբերի 26-ին ժամանելով Երևան, հայտնաբերվել և օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանություն:

2010թ. հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների Թագավորության իրավապահ մարմիններից ստացվել է իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն` խնդրանքով` ձերբակալել Գեորգի Ավանեսովին և նրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում` միաժամանակ տեղեկացնելով, որ վերջինս ազատության մեջ մնալու դեպքում կվտանգվեն Նիդերլանդների Թագավորության իրավապահ մարմինների կողմից գործի բացահայտման ուղղությամբ կատարվող գործողությունները:

Միջնորդությանը կից ներկայացվել են փաստաթղթեր` համաձայն որոնց Գեորգի Ավանեսովը, հանդիսանալով «Bredolab» բոտնետի համակարգող, բոտնետի կառավարման համար օգտագործել է «Lease Web» հոլանդական հոսթինգ պրովայդերին պատկանող 143 սերվեր: Ձայնագրված սերվերի տվյալների հենքի վերլուծությունը ցույց է տվել, որ 2009թ. հունիսից հայտնաբերված «բոտնետ» ենթակառուցվածքը հնարավոր է պատասխանատու է` ամբողջ աշխարհում համակարգչային համակարգերի վնասակար ծրագրային միջոցներով 29 միլիոն վարակների և շուրջ 26 միլիոն վարակման փորձի համար: Գեորգի Ավանեսովը համացանցում ստեղծել է խանութ, «բոտնետ»-ի գնորդների հետ շփվելու և գնային պայմանավորվածություններ ձեռք բերելու համար օգտագործել է չաթի ֆորումները:

Միջնորդությունում նշված է նաև, որ Գեորգի Ավանեսովի անվամբ հաճախ համացանցային մուտքեր են գրանցվել IP հասցեից, որը գրանցված է Արմենակ Խաչատրյանի անվամբ և գտնվում է Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի 26 հասցեում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության միջոցով պարզվել է, որ Գեորգի Ավանեսովը բազմիցս այցելել է Հայաստան:

2010թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` Գեորգի Ավանեսովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը Հանձնման մասին 13.12.1956թ. Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 16-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, և 7-րդ կետերով վերահաստատելու և նրա նկատմամբ 40 օրով էքստրադիցիոն կալանք կիրառելու միջնորդությամբ, որը բավարարվել է, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այնուհետև Գեորգի Ավանեսովը, իր մոտ հրավիրելով դատախազին, 02.11.2010թ. բացատրություն է տվել այն մասին, որ 2009թ. հունիսին գտնվելով ՀՀ տարածքում, շահադիտական նկատառումներով մշակել և համացանցում իրացրել է համացանցից օգտվողների համակարգիչները վիրուսով վարակելու ծրագրային հատուկ համակարգ, որի ներդրման արդյունքում զոհերի համակարգիչները վարակվում են գաղտնի ծրագրերով` բոտով, և ստեղծվում է վարակված համակարգչային ցանց` բոտնետ: Ծրագրային համակարգի կիրառման հետևանքով հնարավորություն է ընձեռնվել վարակված համակարգիչներից, այդ թվում` բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրանք ղեկավարելու:

Գեորգի Ավանեսովի` վերոհիշյալ բացատրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում 02.11.2010թ. հարուցվել է քրեական գործ` Գեորգի Ավանեսովի կողմից համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու (ներթափանցելու), համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու դեպքի առթիվ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Խուզարկությամբ Գեորգի Ավանեսովի բնակության վայրում առգրավվել է համակարգչային տեխնիկա, կալանք է դրվել նրան պատկանող գույքի վրա, հարցումներ են ուղարկվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, այլ պետական մարմիններ, առգրավվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ «DDos» հարձակումների պատվիրատուներից, ինչպես նաև վնասաբեր ծրագրերի և սպամի տարածման արդյունքում Գեորգի Ավանեսովի տրամադրության տակ գտնված «WebMoney» վճարային համակարգի էլեկտրոնային դրամապանակին միայն 2010թ. ընթացքում մուտքագրվել է 700.000 ԱՄՆ դոլար, որը նա փոխանցել է օվշորային գոտիներում գտնվող տարբեր հաշվեհամարներին, ձեռք է բերել առանձնատուն Բալի կղզում, որով էլ օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված միջոցները:

Գեորգի Ավանեսովի կողմից վերոհիշյալ կիբերհանցագործությունները կատարելու վերաբերյալ քրեական գործով վերջինս դատապարտվել է 4 տարի ժամանակով ազատազրկման, իսկ փողերի լվացման մասով նախաքննությունը` պայմանավորված իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ արտասահմանյան մի շարք երկրներ ուղարկված և չստացված միջնորդություններով, դեռևս շարունակվում է:

2. Գվինեայի Հանրապետության քաղաքացի Անժելա Քամարան «Hacker’s Lodge» համացանցային ֆորումի միջոցով ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված Ռոդրիգո անունով անձնավորության հետ և իմացել, որ վերջինս հնարավորություն ունի համացանցի միջոցով ապօրինի ներթափանցելու այլ անձանց պատկանող բանկային հաշվեհամարներ և տնօրինելու դրանց հաշվեկշռին եղած գումարները, այդ թվում նաև` համացանցի միջոցով դրանք փոխանցելու ավիատոմսեր գնելու նպատակով տարբեր ավիաընկերությունների հաշվեհամարներին:

Դրա շուրջ վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության, ըստ որի` պատրաստակամություն է հայտնել շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացող անձանցից ստանալ կանխիկ գումարներ, իսկ Ռոդրիգոն պարտավորվել է տրամադրել էլեկտրոնային ավիատոմսեր` համացանցի միջոցով ավիաընկերությանը վճարելով դրանց համար այլ անձանց բանկային հաշվեհամարներից, և դրանով իսկ, Հայաստանի քաղաքացիներին տրամադրած ավիատոմսերի դիմաց վճարումը կատարելով Քենիայում, Տանզանիայում և ԱՄՆ-ում գրանցված պրովայդերների IP-հասցեներից խաբեության եղանակով կատարված մի շարք գործարքների կապակցությամբ, քարտապանների կողմից ներկայացվել են հետգանձումային պահանջներ, որի հետևանքով «Սիբիր» ավիաընկերությանը պատճառվել է 2.469.989 դրամի վնաս:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անժելա Քամարան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել:

Այսօր որևէ պետություն առանձին վերցրած ի զորու չէ վերոհիշյալ չարիքին դիմակայելու ինքնուրույն:

Հրատապ է միջազգային համագործակցության ակտիվացման խնդիրը, մասնավորապես` կարգավորման միջազգային-իրավական առավել գործուն մեխանիզմների ներդրումը, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակակից պայմաններում կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջոցների ինչպես զգալի մասը, այնպես էլ միջազգային բնույթի մյուս հանցագործությունները ենթակա են առանձին վերցրած պետությունների ներքին իրավասությանը, անհրաժեշտ է զուգահեռաբար զարգացնել նաև համակարգչային հանցագործությունների դեմ պայքարին ուղղված ազգային օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով իրավունքի միջազգային նորմերին` հղում կատարելով գոյություն ունեցող դրական փորձի վրա:

Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների բացակայությունը կարող է դիտարկվել որպես պետության ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիքներից մեկը:

Նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը` որպես անկախ ժողովրդավարական պետություն, չի կարող ձեռնպահ մնալ համակարգչային հանցավորությանը, մասնավորապես` դրա անդրազգային դրսևորումներին հակազդելու հիմնախնդրից:

Առաջացել է կիբերհանցագործների նոր սերունդ, որոնք գիտակ են և զինված հզոր սարքավորումներով, շատ վտանգավոր են և ունակ են պատճառելու լուրջ վնասներ: Առավել խոցելի է դարձել ատոմային արդյունաբերությունը, այն ընդհանրապես «ախորժալի պատառ» է դիվերսանտների համար և հատուկ պահպանության կարիք ունի:

Կիբերհանցավորության դեմ պայքարին նվիրված միջազգային ֆորումներում տեսակետներ են հնչում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից, այն մասին, որ Բուդապեշտի Կոնվենցիայի որոշ դրույթներ ենթակա են փոփոխության:

Կոնվենցիայի առավել խոցելի դրույթ է 32-րդ հոդվածը, որը սահմանում է համաձայնության առկայության դեպքում, կամ երբ դա հրապարակավ մատչելի է պահպանվող համակարգչային տվյալների անդրսահմանային հասանելիության հնարավորություն: Նրանք պատճառաբանում են, որ ԱՄՆ այլ երկրների վրա համացանցի միջոցով ազդելու նոր տեխնոլոգիաներ է մշակում: Ցանկանում են վերահսկել այլ երկրների քաղաքացիների տեղաշարժը, նրանց նամակագրությունը, տվյալների բազաները և այլն, ինչպես նաև` օրինականացնել առանց ազգային մարմիններին տեղյակ պահելու անդրսահմանային էլեկտրոնային խուզարկությունների իրականացումը:

Մասնավորապես, Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն`

Կողմն առանց մյուս կողմի թույլտվության կարող է`

ա) մուտք գործել հրապարակավ մատչելի (բաց աղբյուր), պահպանվող համակարգչային տվյալների մեջ` առանց հաշվի առնելու տվյալների` աշխարհագրական տեսանկյունից գտնվելու վայրը, կամ
բ) իր տարածքում գտնվող համակարգչային համակարգի միջոցով հասանելություն ունենալ այլ երկրի տարածքում գտնվող և պահպանվող համակարգչային տվյալներ մուտք գործելու համար, ստանալ դրանք, եթե կողմն ստացել է համակարգչային համակարգի միջոցով մյուս կողմին տվյալներ հայտնելու օրինական լիազորություն ունեցող անձի օրինական և կամավոր համաձայնությունը:

Կոնվենցիան, ըստ էության, պատասխանատվություն չի սահմանում հաքերական ակտ` կիբերհարձակում, կատարած անձի համար, ուստի չի կարող պաշտպանել նաև վերոհիշյալ հայտնի վիրուսից:

Որպես հիմնախնդրի լուծում` բանախոսներն առաջարկում են կիբերհանցագործությունների ստանդարտացումը գլոբալ իմաստով, որը պետք է իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային
անվտանգության մարմիններում քննվող գործերով
վարչության պետ` Ա.Ս. Գոյունյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]