ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան 02/06/2023 11:48 | Մեկնաբանություն

Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին: Համալսարանական տարիներից հետո առաջին անգամ էի այս գիրքը վերցնում ձեռքս: Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի Մայրաքաղաք Ռեյկավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
«Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձեւաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին եւ այլն եւ այլն: Ուզում էի խնդրել ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում:
Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երեւան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երեւանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ եւ հակառակ ուղղությամբ:
Չարենցի «Երկիր Նաիրիի» կարդացածս էջերի ավելացմանը զուգահեռ փոխվում էր Իսլանդական ավիաընկերության օդանավում գիրքս մոռանալու պատճառով ինձ պատած ծանր զգացողությունը: Ամեն էջի հետ այն ավելի ու ավելի էր ծանրանում: Ի վերջո վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարեւորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ։ Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել եւ, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են, կամ վախվորած անարկներ արել, բայց ճշմարտությունը ուղիղ չեն ասել եւ չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան եւ լուծել այն։
Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ոչ Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում: Ոչ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում:
2022 թվականի մարդահամարի տվյալներով իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։ Իսլանդիայի դելիմիտացված եւ դեմարկացված տարածքը կազմում է 102,775 կմ² ( 2,7% ջրային):
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է): ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:
Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է:
Իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարեւաններով: Նրանց հողի վրա աչք են ունեցել շոտլանդացիները, նորվեգացիները, դանիացիները, իռլանդացիները:
1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին՝ Դանիայի: 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում: 1944 թվականի հանրաքվեով իսլանդիացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, եւ երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:
20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50 միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել: Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:
Իսլանդացիներին չես զարմացնի նաեւ ցավով ու տառապանքով: Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18, ոչ 17 եւ ո՛չ էլ՝ 16-րդ դարերում:
1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգեւոր առաջնորդին եւ նրա երկու որդիներին եւ ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:
1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:
1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը։
1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «Մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից:
Եւ այնուամենայնիվ՝
Իսլանդան ՄԱԿ-ի՝ 2022 թվականի զեկույցի համաձայն այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո:
Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիանների մոտ հրազեն չկա:
Կանանց միջին տարիքը 81.3 է, իսկ տղամարդկանցը` 76.4:
Իսլանդիան գիտական գրականության վաճառքի համաշխարհային առաջատարն է:
Դե իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աստղաբաշխական թիվը ներկայացրեցի։
Այսպիսով, 874 թվականից առաջ Իսլանդիա անունով պետություն եւ իսլանդացի անունով ազգություն չի էլ եղել երկրի երեսին:
«Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սեւ օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարեւաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «Ցուրտումութ տարիներ» կամ «Մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե’ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե’ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չե’ն վախեցել դարավոր թշնամուց, չե’ն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը եւ կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չե’ն վախեցել, որ 50 միլիոնանոց հարեւան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եւ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։
Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։
Իսլանդացիները չե’ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։
Եւ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը եւ դառնալ աշխարհի 5 ամենահարուստ եւ ամենաերջանիկ պետություններից մեկը:
Եւ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որեւէ օտար չբացի այդ գիրքը եւ չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան
ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ եւ չենք դարձրել պատմություն, մե’ր պատմությունը, բայց պատմույթո’ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաեւ երբե’ք այլեւս չենք կրկնի»,- գրել է Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/27/2023 12:44 Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի. Փաշինյան
- 03/27/2023 12:17 Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը. Իշխան Սազաթելյան
- 03/27/2023 11:42 Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
- 03/27/2023 11:32 Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն. Ոսկանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար