Թեմաներ
Երկուշաբթի 06 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/24/2019   17:26 Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:19 Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը 06/24/2019   17:12 Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019   16:34 Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը 06/24/2019   16:28 Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ 06/24/2019   16:14 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն 06/24/2019   16:01 Արամ Կարախանյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 06/24/2019   15:53 Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը 06/24/2019   15:49 Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները 06/24/2019   15:24 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը, որի կապակցությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը 06/24/2019   15:17 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին 06/24/2019   15:12 Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019   14:42 Մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքից փրկարարները տարհանել են 60 ուսանողի 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   14:28 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին 06/24/2019   14:18 Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը 06/24/2019   14:16 Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի 06/24/2019   14:05 Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/24/2019   13:32 Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/24/2019   13:18 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին 06/24/2019   13:11 «Սա քաղաքական սամազվանեցություն է». Շարմազանովը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին 06/24/2019   13:06 Դոլարի առաջարկի ճնշումը ուժեղանում է 06/24/2019   13:03 Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս 06/24/2019   12:57 Արտգործնախարարի մի քանի հարցադրումները 06/24/2019   12:54 ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 789 դեպք 06/24/2019   12:37 Հստակ պատասխանների ակնկալիքով 06/24/2019   12:34 Փոխնախարար Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   12:11 Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   12:01 Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   11:50 Վահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան 06/24/2019   11:41 Ձեզ դրսևորեք «կլասիկ» և ոչ թե «ռաբիզ» պատգամավորի նման. Մկրտչյանը՝ Մարուքյանին (տեսանյութ) 06/24/2019   11:38 Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ 06/24/2019   11:30 Մեղադրանք է առաջադրվել՝ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար. գործը դատարանում է 06/24/2019   11:23 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 06/24/2019   11:17 Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) 06/24/2019   11:05 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում 06/24/2019   11:01 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 21-ից 24-ը 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/24/2019   10:45 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը Վահե Գրիգորյանի ինքնահռչակման վերաբերյալ 06/24/2019   10:40 Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը. Սասնա ծռեր 06/24/2019   10:30 Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի առթիվ 06/24/2019   10:30 Գագիկ Ծառուկյանին նորից հարցաքննության հրավիրելու որոշում դեռ չկա. ՔԿ 06/24/2019   10:14 Վիգեն Քոչարյանն ԱԺ-ում երդվեց
06/22/2019   18:10 48-ամյա կինը Երեւանում ծեծել է հարսին 06/23/2019   14:02 Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/22/2019   20:46 Ռոստով-Մոսկվա չվերթը հետաձգել են մեկ ժամով՝ ինքնաթիռում բռնկված կռվի պատճառով (տեսանյութ) 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/23/2019   19:24 Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան 06/23/2019   00:50 Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով 06/22/2019   17:34 Հայաստանի երկու օդանավակայաններն էլ պատրաստ են ՌԴ-ից հավելյալ չվերթներ ընդունել 06/23/2019   18:12 Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը 06/23/2019   15:46 Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը ու բռնկվել. կան տուժածներ 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/23/2019   21:05 Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ) 06/23/2019   18:46 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հողն ու քարերը լցվել են անասնաֆերմայում աշխատող 17 -ամյա տղայի վրա. վերջինս մահացել է shamshyan.com 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն 06/23/2019   15:39 Կորած բնակչին փրկարարները գտնել չեն կարողացել. նա տուն է վերադարձել ինքնուրույն 06/23/2019   17:36 ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին 06/22/2019   21:06 Ռուսները զանգվածաբար հանձնում են դեպի Վրաստան տոմսերը (տեսանյութ)

Հանրային քննարկման է ներկայացվել Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագիծը 07/15/2015   18:27  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:

Ինչպես տեղեկացնում են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից, Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվում է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Ստորև ներկայացնում ենք նախագիծը.  

 

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

 

Գլուխ 1

Սահմանադրական կարգի հիմունքները

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և  ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է: Մարդու անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:  

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է: 

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ Սահմանադրությանը և օրենքներին:

2. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:   

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:           

2. Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով, կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Օրենքները և այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը:

2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատ: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

3. Կուսակցությունները նպաստում են  ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

4. Կուսակցությունների կառուցվածքը, նպատակները և գործունեությունը չեն կարող հակասել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքներին:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:  

Հոդված 10. Տնտեսական կարգը

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Այն հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: 

Հոդված 11. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 12. Արտաքին քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

2. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հոդված 14. Մշակույթի և մշակութային արժեքների պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետությունը խթանում է մշակույթի զարգացումը, նպատակային քաղաքականություն է իրականացնում գիտության, կրթության և արվեստի ոլորտներում:

2. Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո։

Հոդված 15. Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո:

Հոդված 16. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 17. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով:

Հոդված 18. Հայկական սփյուռքի հետ կապերը

1. Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի հետ վարում է համակողմանի կապերի զարգացման և ամրապնդման հայապահպան քաղաքականություն:

2. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի, ինչպես նաև տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:                            

 

Գլուխ 2

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

Հոդված 22. Մարդու արժանապատվությունը  

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 23. Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը 

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: 

Հոդված 24. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

2. Բժշկության և կենսաբանության ոլորտներում, մասնավորապես, արգելվում են՝

1) եվգենիկական փորձերը.

2) մարդու մարմինը կամ նրա մասերը՝ որպես այդպիսին, շահույթի աղբյուրի դարձնելը.

3) մարդու վերարտադրողական կլոնավորումը:

3. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակորեն հայտնած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը պետք է նախօրոք տեղեկացվի նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Հոդված 25. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ  պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: 

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հոդված 26. Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի անձնական ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

1) անձն իրավասու դատարանի կողմից դատապարտվել է հանցանք կատարելու համար.

2) անձը չի ենթարկվել դատարանի իրավաչափ կարգադրությանը.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած կամ երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև, երբ անձն ունի հոգեկան խանգարում, թմրամոլ կամ գինեմոլ է.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի` իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին։

3. Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկումն անիրավաչափ է:

5. Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:

6. Սույն հոդվածի խախտմամբ ազատությունից զրկված անձն օրենքով սահմանված հիմքերով և կարգով ունի պատճառված վնասի հատուցման իրավունք:

Հոդված 27. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 28. Կնոջ և տղամարդու իրավահավասարությունը

1. Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

Հոդված 29. Խտրականության արգելքը 

Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանցագործությունների կանխման կամ բացահայտման, երկրի տնտեսական բարեկեցության, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, ինչպես նաև այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 31. Բնակարանի անձեռնմխելիությունը 

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանցագործությունների կանխման կամ բացահայտման, մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 32. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը 

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության գաղտնիությունը օրենքով սահմանված կարգով որոշակի ժամկետով կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման, մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով:       

Հոդված 33. Անհատական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Նման տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով հստակ սահմանված նպատակով, շահագրգիռ անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով նախատեսված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքագրված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված  կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

Հոդված 34. Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:

2. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 35. Ծնողների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել դատական ակտով, օրենքով սահմանված դեպքերում՝ երեխայի խնամքին և առողջությանն սպառնացող վտանգից պաշտպանելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների համար։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 36. Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: 

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կանոնավոր հիմքի վրա պահպանելու անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ ունենալու իր ծնողների հետ` բացառությամբ այն դեպքի, երբ իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով որոշում է, որ դա հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները գտնվում են պետության պաշտպանության և հոգածության ներքո:

Հոդված 37. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Միջնակարգ կրթությունը պարտադիր է: Միջնակարգ կրթության նվազագույն տևողությունը տասը տարի է: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք պետական ուսումնական հաստատություններում բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունի: Մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք:

Հոդված 38. Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է` անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:

Հոդված 39. Ազատ տեղաշարժվելու իրավունքը: Երկրից դուրս գալու և երկիր վերադառնալու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք  ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք  գործելու իրավունք:

4. Ազատ տեղաշարժվելու և երկրից դուրս գալու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:  

Հոդված 40. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

2. Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:  

3. Յուրաքանչյուր քաղաքացի, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք ունի:

4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 41. Կարծիքի ազատությունը և տեղեկատվության ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: 

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը, հասարակության շրջանում առկա կարծիքների արտացոլումը:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց պատվի ու բարի համբավի, ինչպես նաև այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 42. Ստեղծագործության և դասավանդման ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործության և դասավանդման ազատություն:                              

Հոդված 43. Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք ունի: Օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա:

2. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության և քննչական մարմիններում ծառայողների, ինչպես նաև դատավորների կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումները կարող են նախատեսվել միայն օրենքով։

3. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, հանցագործությունների կանխման, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 44. Միավորումների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք այլ անձանց հետ ազատորեն միավորվելու իրավունք ունի, ներառյալ`  աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելը և դրանց անդամագրվելը:  

2. Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ մասնավոր միավորման:

3. Միավորումների կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

4. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով` միայն դատարանի որոշմամբ:

Հոդված 45. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք:  Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության:

2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմիններում ծառայողների` կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են  հրապարակում իրենց միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին, որի նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պետական լիազոր մարմինը:

4. Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման: Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Հոդված 46. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Սույն մասում սահմանված իրավունքների իրականացման կարգը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման և դադարեցման  հիմքերը սահմանվում են օրենքով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

Հոդված 47. Ընտրական իրավունքը և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը

1. Ազգային ժողովի ընտրությունների կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն:

2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց տասնութ տարին լրացել է ընտրությունների կամ տեղական հանրաքվեի օրը, և որոնք մշտապես բնակվում են տվյալ համայնքում:  

4. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք:   

Հոդված 48. Հանրային ծառայության անցնելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի իր ունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան մրցութային հիմունքներով օրենքով սահմանված հանրային ծառայության պաշտոնի անցնելու իրավունք ունի:

2. Հանրային ծառայողները ծառայում են ամբողջ ժողովրդին: Նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել անաչառ և քաղաքականապես չեզոք՝ ելնելով բացառապես մասնագիտական նկատառումներից:

3. Այս իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:  

Հոդված 49. Պատշաճ վարչարարության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք ունի:

2. Այս իրավունքը, մասնավորապես, ներառում է անձի՝ իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը՝ պահպանելով խորհրդապահության իրավաչափ շահերը, օրենքով պահպանվող գաղտնիքները, ինչպես նաև պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց` մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան և հիմնավորել ընդունված ակտը:

Հոդված 50. Տեղեկություններ ստանալու իրավունքը

Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը` տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելու համար, սահմանվում են օրենքով: 

Հոդված 51. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված՝ այլ կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում իրավունք ունի ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 52. Հանրագրերի իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլ անձանց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք ունի: Անհատական և կոլեկտիվ հանրագրերին առնչվող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 53. Քաղաքական ապաստանի իրավունքը: Արտաքսման կամ հանձնման արգելքը

1. Քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու իրավունք ունեն: Ապաստանի տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

2. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե արտաքսման կամ հանձնման դեպքում լուրջ սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգումների կամ այլ անմարդկային,  նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին օտարերկրյա պետությանը կարող է հանձնվել միայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:

Հոդված 54. Ազգային և էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանությունը 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ավանդույթների, կրոնի,  լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք ունեն:

3. Սույն  հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 55. Աշխատանքի ընտրության ազատությունը: Աշխատանքային այլ իրավունքներ: Հարկադիր աշխատանքի արգելքը: Այլընտրանքային ծառայություն

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող աշխատանքից անհիմն կերպով ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք ունի: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքերում ունի արձակուրդի իրավունք:

4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։ 

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը դրվում է հանցագործության համար դատապարտված անձի վրա.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) ցանկացած  աշխատանք, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հոդված 56. Գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Այս իրավունքը կարող է սահմանափակվել հանրային շահերի և այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 57. Ձեռնարկատիրական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Օրենքը սահմանում է այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը:

2. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:

3. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Հոդված 58. Սեփականության և ժառանգման իրավունքը: Հարկային պարտավորությունները

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Անձի սեփականությունը, օրենքով սահմանված դեպքերում, ծառայում է նաև հանրության շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: 

4. Օրենքը սահմանում է սեփականությունից զրկման նախնական դատական վերահսկողության դեպքերը:  

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

6. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` հողի նկատմամբ սեփականության ձեռքբերման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է oրենքով uահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 59. Դատական պաշտպանության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին դիմելը

1. Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

Հոդված 60. Վնասի հատուցման իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու  պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման չափերը և կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 61. Արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատաքննությունը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով , դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ, եթե դա անհրաժեշտ է դատաքննության մասնակիցների անձնական կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության պաշտպանության համար:

Հոդված 62. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:   

Հոդված 63. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:  

Հոդված 64. Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

Հոդված 65. Ապացույցների անթույլատրելիությունը

Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է: 

Հոդված 66. Մեղադրյալի պաշտպանության իրավունքը

Հանցանք կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք  իրավունք ունի.

1) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու  ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.

2) պաշտպանվելու անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով.

3) բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր  պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած պաշտպանի հետ հաղորդակցվելու համար.

4) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալ՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները.

5) օգտվել թարգմանչի անվճար օգնությունից, եթե նա չի տիրապետում հայերենին:

Հոդված 67. Միևնույն արարքի համար կրկին չդատվելու կամ պատժի չենթարկվելու իրավունքը 

1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն  հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանն օրենքին համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:  

Հոդված 68. Քրեական գործերով բողոքարկման իրավունքը

Քրեական հանցանք կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

Հոդված 69. Փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում

Եթե որևէ անձ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցանք կատարելու համար, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը վերանայվել է այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքին համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ` նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 71. Մեղքի սկզբունքը: Համաչափության սկզբունքը պատիժների սահմանման ժամանակ 

1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

2. Օրենքով նախատեսված պատիժը, ինչպես նաև կոնկրետ նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հոդված 72. Օրինականության սկզբունքը հանցագործությունների սահմանման ժամանակ 

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Եթե տվյալ հանցանքը կատարելուց հետո օրենքը սահմանում է ավելի մեղմ պատիժ, ապա  կիրառվում է վերջինս:

Հոդված 73. Օրենքների հետադարձ ուժը

1. Այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, կարող են բացառության կարգով հետադարձ ուժ ունենալ, եթե անձի վստահության իրավունքը դրան չի խոչընդոտում:   

2. Անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: 

Հոդված 74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ

Հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ հիմնական իրավունքները և ազատություններն ըստ էության կիրառելի են նրանց նկատմամբ:

Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները, դրանց արդյունավետ իրականացման նպատակով, սահմանում են անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 22-25-րդ, 27-29-րդ, 34-36-րդ հոդվածներում, 37-րդ հոդվածի 1-ին մասում, 40-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ, 54-րդ, 59-րդ, 61-րդ, 63-րդ, 65-68-րդ և 70-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես  կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 78. Համաչափության սկզբունքը

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված  նպատակին հասնելու համար: Սահմանափակման նպատակը և սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համաչափ լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը:

Հոդված 79. Որոշակիության սկզբունքը

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների նախադրյալները և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի հիմնական իրավունքի կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: 

Հոդված 80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան

1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

 

Գլուխ 3

Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները

Հոդված 82. Աշխատանքային պայմանները 

1. Օրենքը սահմանում է յուրաքանչյուր աշխատողի՝ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը:

2. Օրենքը սահմանում է յուրաքանչյուր աշխատողի՝ առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդված 83. Սոցիալական ապահովությունը   

Օրենքը սահմանում է յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ մայրության, բազմազավակության, հիվանդության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում:

Հոդված 84. Արժանապատիվ գոյություն: Նվազագույն աշխատավարձը

1. Օրենքը սահմանում է յուրաքանչյուր կարիքավորի և տարեց մարդու՝ արժանապատիվ գոյության իրավունքը:

2. Նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով:

Հոդված 85. Առողջության պահպանությունը  

1. Օրենքը սահմանում է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը: 

2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.

2) բնակարանային շինարարության խթանումը.

3) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.

4) երեխաների անհատականության, նրանց ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

5) բնակչության համար արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

6) հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

7) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.

8) տարածքային համաչափ զարգացումը.

9) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

10) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.

11) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.

12) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը:

Հոդված 87. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

1. Հանրային իշխանությունն իր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր է իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:

2. Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կառավարությունն ամենամյա զեկույց է ներկայացնում Ազգային ժողով:

 

Գլուխ 4

Ազգային ժողովը

Հոդված 88. Ազգային ժողովի կարգավիճակը, գործառույթները և լիազորությունները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան: Ազգային ժողովի կանոնակարգն օրենք է:

Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:

4. Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: 

5. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

6. Մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը

1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

2. Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի բացման պահից: Նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացման պահին:

3. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:  

Հոդված 91. Ազգային ժողովի հերթական ընտրությունը

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: 

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն:

Հոդված 92. Ազգային ժողովի արձակումը և արտահերթ ընտրությունը

1. Սահմանադրության 148-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի արձակումից հետո Ազգային ժողովը շարունակում է իր լիազորությունների իրականացումը՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց   հետո ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում:

Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով:

Հոդված 94. Ներկայացուցչական մանդատ

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին և կաշկանդված չէ որևէ ցուցումով: 

Հոդված 95. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հոդված 96. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից` բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Նման դեպքի մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: 

Հոդված 97. Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները

Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 98. Պատգամավորի լիազորությունների դադարումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մահացած հայտարարվելու, նրա հրաժարականի, ինչպես նաև մեկ հերթական նստաշրջանի ժամանակահատվածում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի չմասնակցելու և Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքերում:

2. Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի չմասնակցելու կամ Սահմանադրության 95-րդ հոդվածի որևէ պայման խախտելու  հանգամանքը փաստում է Ազգային ժողովի խորհուրդը:   

Հոդված 99. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:  

Հոդված 100. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը և նիստը

1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ կառավարության պահանջով:

2. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում: 

Հոդված 101. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ  ընդունված որոշմամբ անցկացնում է փակ նիստ:

Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը

Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ որոշման ընդունման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն: Նման դեպքերում նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են որոշման ընդունման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ:

Հոդված 103. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը

1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձներն   ընդունվում են նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի: 

2. Ազգային Ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեների, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքներն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով:

3. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 104. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և Ազգային ժողովի խորհուրդը

1. Ազգային ժողովը իր լիազորությունների ամբողջ ժամկետով իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա տեղակալներ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված պատգամավորը:

2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

3. Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

Հոդված 105. Ազգային ժողովի խմբակցությունները

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների նախընտրական դաշինքի պատգամավորները: Ազգային ժողովում նոր խմբակցություններ չեն կարող ձևավորվել:

Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովը օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի  նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը հատկացվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվաքանակի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվաքանակի համամասնությամբ:

Հոդված 107. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

Առանձին օրենքների նախագծերի, ինչպես նաև Ազգային ժողովի այլ ակտերի նախագծերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ: 

Հոդված 108. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Քննիչ հանձնաժողովում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել նրա իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանք օրենքով պահպանվող գաղտնիք չեն:

Հոդված 109. Օրենսդրական նախաձեռնությունը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և կառավարությունը: 

2. Եթե կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծն էականորեն նվազեցնում է պետության եկամուտները կամ ավելացնում պետության ծախսերը, ապա Ազգային ժողովն այդ օրենքի նախագիծը, կառավարության պահանջով, կարող է ընդունել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունում կամ մերժում է երկամսյա ժամկետում:

Հոդված 110. Պետական բյուջեի ընդունումը

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է կառավարության ներկայացմամբ:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում նոր բյուջետային տարին սկսվելուց առնվազն հարյուր քսան օր առաջ:

3. Պետական բյուջեն ընդունվում է բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ: Մինչև այդ ժամկետը պետական բյուջեն չընդունվելու դեպքում հաջորդ բյուջետային տարվա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Հոդված 111. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, այդ թվում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։

2. Ազգային ժողովը, վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Հոդված 112. Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը

1. Հերթական նստաշրջանի` տվյալ շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

2. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր հարցեր ուղղելու կառավարության անդամներին: Կառավարության անդամներն այդ հարցերին պատասխանում են քսանմեկ օրվա ընթացքում: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում: 

Հոդված 113. Հարցապնդումները

1. Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամներին: Կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են հերթական նստաշրջանի ընթացքում` հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, իսկ եթե ավարտվել է հերթական նստաշրջանը` հաջորդ նստաշրջանի սկզբում:

2. Հարցապնդումների պատասխանը ներկայացվում է Ազգային ժողովի նիստում: Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի առաջարկությամբ հարցապնդումը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքում ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են 115-րդ հոդվածի կանոնները: Հարցապնդման արդյունքներով Ազգային ժողովը կարող է գնահատել նաև կառավարության առանձին անդամի աշխատանքը և անվստահություն հայտնել նրան, ինչը հանգեցնում է նրա հրաժարականին:     

Հոդված 114. Հրատապ թեմայով քննարկումները

Հերթական նստաշրջանի` տվյալ շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:  

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում վարչապետը ներկայացնում է իր հրաժարականը: Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթներն այս դեպքում կիրառելի չեն:

3. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել միայն առնվազն վեց ամիս հետո:

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Հոդված 116. Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը  

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք՝

1) վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.

2) վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը կամ անվտանգությանը.

3)  ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

4) նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

5) նախատեսում են էական ֆինանսական պարտավորություններ.

6) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքին հակասող նորմեր.

7) ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

8) պարունակում են այնպիսի հարցեր, որոնք ենթակա են օրենքի կարգավորմանը:

2. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Հոդված 117. Համաներում

Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկությամբ,                                                   պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

Հոդված 118. Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը

1. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է որոշում ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին:

2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը:

Հոդված 119. Ռազմական դրությունը և զինված ուժերի օգտագործումը

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Զինված ուժերի օգտագործման մասին որոշումն ընդունում է կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի օգտագործման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարությանը:

3. Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է վերացնել ռազմական դրությունը: 

4. Պատերազմի ժամանակ կառավարությունը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին:

5. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 120. Արտակարգ դրությունը

1. Կառավարությունը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում  է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել  միջոցառումների իրականցումը: 

3. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 121. Վարչատարածքային բաժանումը

Ազգային ժողովը, կառավարության առաջարկով, օրենքով սահմանում է վարչատարածքային բաժանումը:

Հոդված 122. Կարգավորող հանձնաժողովները

1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել կարգավորող հանձնաժողովներ:

2. Կարգավորող հանձնաժողովների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կարգավորող հանձնաժողովներին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու իրավասություն:

4. Կարգավորող հանձնաժողովների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով: 

 

Գլուխ 5

Հանրապետության նախագահը

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները

1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, առնվազն վերջին յոթ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական և ստեղծագործական աշխատանքից:

5. Հանրապետության նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

6. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը

1. Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից:

2.  Ընտրիչների ժողովը  կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

3. Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

4. Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:

5. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե որևէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել  առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու երկրորդ փուլում չի ստանում ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա  անցկացվում է քվեարկության երրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայներ:

6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 126. Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օրվա ընթացում  անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հոդված 127. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը

1. Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

2. Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` տասներորդ օրը:

3. Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ բոլոր ուժերը ներդնել  ազգային միասնության ամրապնդման գործում»:

Հոդված 128. Հանրապետության նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին:

Հոդված 129. Օրենքների ստորագրումը և հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու նպատակով: 

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հոդված 130. Կառավարության հրաժարականի ընդունումը

Սահմանադրության 157-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը:

Հոդված 131. Փոփոխություններ կառավարության կազմում

Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է կատարում կառավարության կազմում: 

Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում

1. Հանրապետության նախագահը`

1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կառավարության  առաջարկությամբ կնքում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Հոդված 133. Հանրապետության Նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում

1. Հանրապետության Նախագահը, վարչապետի առաջարկությամբ, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության Նախագահը, վարչապետի առաջարկությամբ, շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Հոդված 134. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հոդված 135. Ներում շնորհելը

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: 

Հոդված 136. Պարգևատրում և պատվավոր կոչումների շնորհում

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում պատվավոր կոչումներ:

Հոդված 137. Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը

 Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:

Հոդված 138. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, բացառությամբ Սահմանադրության 128-130-րդ, 141-րդ հոդվածներով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ, 148-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված դեպքերի, ուժի մեջ են մտնում միայն վարչապետի կամ առաջարկությունը ներկայացրած նախարարի կողմից կրկնաստորագրության դեպքում: Այդ ակտերի համար Ազգային ժողովի առջև քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարության համապատասխան անդամը:

Հոդված 139. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահը երբևէ չի կարող քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 

2. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 140. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 141. Հանրապետության նախագահի հրաժարականը

Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Հրաժարականը համարվում է ընդունված Ազգային ժողովի` իրավունքի ուժով անհապաղ գումարված արտահերթ նիստում՝ հրաժարականի հրապարակման պահից:

Հոդված 142. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը

Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հոդված 143. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում, մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 144. Հանրապետության նախագահի աշխատակազմը, վարձատրության չափը, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով: Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում:

2. Հանրապետության նախագահի վարձատրության չափը, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում են օրենքով:

 

Գլուխ 6

Կառավարությունը

Հոդված 145. Կառավարության կարգավիճակը և գործառույթները

1. Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

2. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

3. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը:

4. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների:

Հոդված 146. Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

2. Նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: 

Հոդված 147. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները

1. Կառավարության անդամ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:           

2. Կառավարության անդամի վրա տարածվում են Սահմանադրության 95-րդ հոդվածում սահմանված սահմանափակումները: 

Հոդված 148. Վարչապետի ընտրությունը և նշանակումը 

1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

2. Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

5. Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:

Հոդված 149. Կառավարության կազմավորումը

Վարչապետի նշանակումից հետո` տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին:

Հոդված 150. Կառավարության անդամների երդումը

Վարչապետը և կառավարության մյուս անդամներն Ազգային ժողովի նիստում երդվում են ժողովրդի առջև. «Երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին և իմ բոլոր ուժերը ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման և բարօրության գործում»:

Հոդված 151. Կառավարության ծրագիրը

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում վարչապետը Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիրը:

2. Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում:

3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին անգամ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: 

4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի կիրառվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան ընտրված վարչապետի կողմից ձևավորված կառավարության ծրագրի վրա: Եթե այդ կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հոդված 152. Վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները

1. Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:

2. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

3. Կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Հոդված 153. Կառավարության նիստերը և որոշումները

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

2. Կառավարության որոշումներն ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

4. Կառավարությունն իրավասու է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Հոդված 154. Զինված ուժերի ղեկավարումը և կառավարումը

1. Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի  կողմից սահմանվող քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում պաշտպանության նախարարն իրականացնում է զինված ուժերի անմիջական ղեկավարումը:

2. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:

3. Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

4. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը, վարչապետի առաջարկությամբ, նշանակվում է Հանրապետության նախագահի կողմից:

5. Զինված ուժերի ղեկավարման և կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 155. Կառավարության տարեկան զեկույցը Ազգային ժողովին

Յուրաքանչյուր տարվա համար կառավարությունն Ազգային ժողովին զեկույց է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Հոդված 156. Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

2. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված: 

3. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

4. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կառավարությունն իրավունք չունի դնել իր վստահության հարցը:

Հոդված 157. Կառավարության հրաժարականը

Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, կառավարությանը վստահություն չհայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու և վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը՝ մինչև նոր կառավարության կազմավորումը:

Հոդված 158. Պետական կառավարման համակարգը

1. Պետական կառավարման համակարգը բաղկացած է նախարարություններից, կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններից: 

2. Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման մարմինների կազմը, կառուցվածքը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 159. Կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը

Կառավարությունն իր տարածքային քաղաքականությունը մարզերում իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության կողմից: Մարզպետները համակարգում են կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը:

Հոդված 160. Հանրային խորհուրդը

Հանրային խորհուրդը կառավարության խորհրդատվական մարմին է: Հանրային խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: 

 

Գլուխ 7

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը

Հոդված 161. Արդարադատության իրականացումը

1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

3. Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապե­տության անունից:

 

Հոդված 162. Դատարանները

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են գործել նաև մասնագիտացված այլ դատարաններ:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 163. Դատավորի կարգավիճակը

1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ գործունեություն իրականացնելիս դատավորը պետք է լինի անկախ, անաչառ և գործի միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2.  Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Նման դեպքի մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Սահմանադրական դատարանի դատավորը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է այդ հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Նման դեպքի մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը:

4. Դատավորը չի կարող զբաղեցնել իր լիազորություններով չպայմանավորված այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտ­րային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործու­նեությամբ, իրականացնել այլ վճարովի գործունեություն, բացի գիտական, կրթական և ստեղ­ծագործական գործունեությունից: Օրենքով կարող են սահմանվել համատեղելիության այլ սահմանափակումներ:

5. Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

6. Դատավորին պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով, իսկ կարգը՝ Սահմանադրությամբ և օրենքով:

7. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադա­րեցվում են Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

8. Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորու­թյունները դադարեցվում են Դատավորների բարձրագույն խորհրդի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի պատգամավորների  ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

9. Դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի այլ համարժեք պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափին:

10. Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 164. Դատավորների և դատարանների (Վճռաբեկ դատարանի պալատների) նախագահների նշանակման (ընտրության) կարգը, պաշտոնա­վարման ժամկետները

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատա­վորները նշանակվում են Հանրապետության Նախագահի կողմից` Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ:

2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների նախագահները նշանակվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով՝ երեք տարի ժամկետով, և չեն կարող վերստին նշանակվել այդ պաշտո­նում իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո:

3. Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ընտրու­թյունն իրականացվում է մրցութային կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը մրցույթի արդյունքներով Ազգային ժողովին ներ­կայացնում է Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների` յու­րա­քանչյուր տեղի համար երեք թեկնածու: Ազգային ժողովի կողմից` պատգամա­վորների ընդհանուր թվի ձայների  մեծամասնությամբ  ընտրված թեկնածուին պաշտոնի է նշանակում Հանրապետության Նախա­գահը:

4. Վճռաբեկ դատարանի նախագահին Վճռաբեկ դատարանի կազմից` վեց տարի ժամկետով, առանց վերանշանակման իրավունքի, նշանա­կում է Ազգային ժողովը` Բարձ­րագույն դատական խորհրդի առա­ջարկությամբ, Ազգային ժողովի պատգամա­վորների ընդհանուր թվի ձայների  մեծամասնությամբ:

5. Վճռաբեկ դատարանի դատավորներն ընտրվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող իրավաբանների թվից, ում քառասուն տարին լրացել է և ովքեր ունեն բարձր մասնագիտական որակներ:

6. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատա­վորները նշանակվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղա­քացի հան­դիսացող, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող իրավա­բանների թվից՝ օրենքով սահմանված կարգով:

7. Օրենքով դատավորների թեկնա­ծուների նկատմամբ կարող են սահմանվել լրա­ցուցիչ պահանջներ:

8. Դատավորներն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ տարին լրանալը:

9. Դատավորների նշանակմանը և ընտրությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 165. Սահմանադրական դատարանը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատու­թյունն իրականացնում է  Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմա­նադրության գերակայությունը:

2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն ան­կախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

3. Սահմանադրական դատարանի  լիազորությունները սահմանվում են Սահ­մա­նադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմա­նադրու­թյամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 166. Սահմանադրական դատարանի կազմը և կազմավորման կարգը 

1. Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորներից։

2. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, ընդ որում՝ դատավորներից երեքին՝ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ, երեքին` Հայաստանի Հանրապետության կառավա­րության առաջարկությամբ, և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջար­կությամբ:

3. Սահմանադրական դատարանի դատավորներն ընտրվում են միայն Հայաս­տանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրա­պետության ընտրական իրավունք ունեցող իրավաբանների թվից, ում քառասուն տարին լրացել է և ովքեր ունեն բարձր մասնագիտական և բարոյական որակներ և առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

4. Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատա­րանի դատավորների թեկնածուների նկատմամբ կարող են սահմանվել լրա­ցուցիչ պահանջներ:

5. Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են տաս­ներկու տարի՝ մինչև յոթանասուն տարին լրանալը, և չեն կարող վերստին ընտրվել Սահ­մանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

6. Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է  Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Հոդված 167.  Սահմանադրական դատարանի լիազորությունները

Սահմանադրական դատարանը Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավա­րության և վարչապետի որոշումների, կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամ­րա­գրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրու­թյանը.

3) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.

4) լուծում է  հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) որոշում է կայացնում Հանրապետության Նախագահի լիազորությունների կա­տարման անհնարինության մասին.

7) եզրակացություն է տալիս Սահմանադրական դատարանի դատավորի լիազորու­թյունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ.

8) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմ­քերի մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

Հոդված 168. Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը

1. Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահ­մանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում.

3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության Նա­խա­գահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

4) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 129-րդ  հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 167-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրա­վունքները խախտող նորմատիվ ակտերի՝ Սահմանադրու­թյանը համապատասխանության հարցով.

7) Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Գլխավոր դատախազը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմա­նադրա­կան լիազորու­թյունների առնչությամբ առաջացած վեճերով.

8) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրա­վունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.

9) դատարանները` իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նոր­մատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

10) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հար­ցերով.

11) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

12) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված՝ իրենց առնչվող հարցերով։

2. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Հոդված 169. Սահմանադրական դատարանի ակտերը

1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակա­ցու­թյուններ:

2. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

3. Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահ­մանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

4. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին-4-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ:

5. Եզրակացությունները և Սահմանադրության 167-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:

Հոդված 170. Վճռաբեկ դատարանը

1. Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սահմանադրական ար­դա­րադատության ոլորտի, բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է:

2. Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ­ներում վերանայելու միջոցով իրավակիրառ պրակտիկայում ապահովում է օրենքի կամ այլ նորմատիվ ակտի միատեսակ կիրառությունը, վերացնում է դատական ակտերում առկա հիմնարար խախտումները:

Հոդված 171. Բարձրագույն դատական խորհուրդը

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշ­խավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Հոդված 172. Բարձրագույն դատական խորհրդի կազմը և կազմավորման կարգը

1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասը անդամներից, որոնցից հինգին ընտրում է Ազգային ժողովը` գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրա­վաբանների թվից, Ազգային ժողովի  պատգա­մավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հինգին` դատավորների ընդհանուր ժողովը` դատավորների թվից:

2. Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի անդամ­ները պետք է լինեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենան բարձր մասնագիտական որակներ և առնվազն տասը տարվա մաս­նագիտական աշխատանքի փորձ:

3. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է համամասնորեն ներկայացնեն բոլոր ատյանների դատավորներին և ունենան դատավորի պաշտոնում առնվազն յոթ տարվա պաշտոնավարման փորձ:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնավարում են հինգ տարի և չեն կարող վերստին ընտրվել այդ պաշտոնում:

5. Դատարանների նախագահները չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի կազմում:

6. Բարձրագույն դատական խորհրդի  անդամների վրա տարածվում են դատավորների համար Սահմանադրությամբ նախատեսված անհամատեղելիության կանոնները: 

7. Բարձրագույն դատական խորհուրդը նախագահում է խորհրդի նախագահը, որն ընտրվում է հաջորդաբար` խորհրդի դատավոր և իրավաբան անդամների թվից՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 173. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) հաստատում է դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները.

2) Հանրապետության Նախագահին ներկայացնում է նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները. 

3) համապատասխան դատարանների դատավորների թվից ընտրում և Հանրապետության Նախագահին ներկայացնում է նշանակման ենթակա դատա­րանների նախագահների թեկնածությունները.

4) Հանրապետության Նախագահին ներկայացնում է առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները.

5) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դա­տա­րանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների թեկնածությունները.

6) օրենքով նախատեսված դեպքերում լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու կամ փոխադրելու հարցը.

7) համաձայնություն է տալիս իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ.

8) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

9) դադարեցնում է առաջին  ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների լիազորությունները, եզրակացություն է տալիս Վճռաբեկ դա­տա­րանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ.

10) մշակում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, վերահսկում է դատարանների բյուջետային միջոցների օգտագործումը:

2. Բարձրագույն դատական խորհրդին օրենքով կարող են վերապահվել նաև իր սահմանադրական կարգավիճակով պայմանավորված այլ լիազորություններ:

3. Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է որոշումներ` խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Ձայների հավասարության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

4. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

5. Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը:

6. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 


Հարակից հրապարակումներ`

09:15 15/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չեն կարողանում համաձայնության գալ մի քանի հարցերի շուրջ. «Ժամանակ»
18:31 14/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ի՞նչ է նշանակում գլխավոր դատախազին տալ անձեռնմխելիություն». Փաստաբանին զարմացրել է դատախազության առաջարկը
15:02 13/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է, որ Արդարադատության խորհրդի կազմում որևէ դատարանի նախագահ չպետք է լինի. Վարդան Պողոսյան
15:23 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն. Վարդան Պողոսյան (Տեսանյութ)
14:22 11/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՑմահ անձեռնմխելիություն՝ Գլխավոր դատախազի համար
09:00 11/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների նախագծի մի մասը կհրապարակվի հուլիսի 15-ին. «Հայկական ժամանակ»
22:41 10/07/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. Սահմանադրական բարեփոխումների տեքստը դեռ պատրաստ չէ (Տեսանյութ). 1in.am
13:44 10/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական փոփոխությունների հիմքում կայուն կառավարման համակարգ ունենալու գաղափարն է
19:19 09/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԻնչո՞ւ դատախազությանը պետք է առանձին գլուխ հատկացվի, իսկ ազգային անվտանգությանը կամ փաստաբաններին՝ ոչ. Հայկ Ալումյան
21:56 07/07/2015  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կարգավիճակը արմատական փոփոխությունների չի ենթարկվի. Վարդան Պողոսյան

Տեսանյութեր

06/24/2019   15:41 Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]