Պետական մարմինները չեն հիմնավորել պարտադիր կուտակային վճարների մասին իրենց հայտարարությունները

Պետական մարմինները չեն հիմնավորել պարտադիր կուտակային վճարների մասին իրենց հայտարարությունները
 
«Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ն հերթական հայտարարությունն է տարածել, որում նշում է, ուր պարտադիր կուտակային վճարների մասին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի նախագահներին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարին ուղղված հարցումներին ոչ մի հստակ պատասխան չի ստացել, իսկ, օրինակ, ԿԲ-ն «ստույգ պատասխան չունի, ավելին՝ առաջարկում է դիմել ՊԵԿ»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
 
«Ստացվում է, որ ՀՀ ԿԲ-ն հայտարարություններ կատարելիս առանձնապես չի մտահոգվում այն վերաբերվում է արդյոք իր ոլորտին, թե՝ ոչ, իսկ ահա իր հայտարարությունների վերաբերյալ պատասխանելիս` հայտնում է, որ հարցն իրեն չի վերաբերվում:
 
Անհասկանալի է, թե ինչպե՞ս է ԿԲ-ն մի կողմից տարածում հայատարություն՝ կուտակային վճարների հաշվարկը կատարելու պարտավորության մասին, մյուս կողմից նույն խնդրին վերաբերվող հարցմանը պատասխանում է, թէ այն գտնվում է ՊԵԿ լիազորությունների շրջանակներում»,- նշված կազմակերպության հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք, որ այս պետական մարմինները, իսկ ավելի ուշ նաև Ֆինանսների նախարարությունը, հանդես էին եկել պարտադիր կուտակային վճարների մասին հրապարակային հայտարարություններով:
 
Նրանք տեսակետ էին հայտնել, որ թեև ՍԴ-ն կասեցրել է կուտակային կենասթոշակների մասին ՀՀ Օրենքի որոշ հոդվածներ, սակայն ուժի մեջ է մնում նույն օրենիք 8-րդ հոդվածը: Ուստի գործատուների` կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման պարտականությունը պահպանվում է:
 
Եվ ահա «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ն հիշյալ պետական մարմիններին էր դիմել՝ խնդրելով պատասխանել, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպիսի՞ իրավական հետևանք է նախատեսված այն գործատուների համար, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն հանդիսանում են հարկային գործակալ, սակայն 2014թ. հունվար և փետրվար ամիսների համար իրենց աշխատակիցներին վճարվելիք ԱՎՈՒՄ գումարներից չեն հաշվարկի նույն օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող պարտադիր կուտակային վճարները կամ կհաշվարկեն պարտադիր կուտակային վճարները, սակայն չեն կատարի դրանց պահումն առձեռն վճարվող ԱՎՈՒՄ գումարներից:
 
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա ՀԿ-ի հարցմանն ուղղված պատասխանում, որպես իր արտահայտած տեսակետի հիմնավորում, այս կառույցը մեջբերել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի կասեցված հոդվածի (հոդված 76) դրույթները: 
 
Ստացված ու չստացված պատասխանները վերլուծելով՝ «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ն հետևյալ եզրահանգումն է անում.
 
«Հարկե ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ հայտարարությունները պարտադիր կուտակային վճարների գործատուների կողմից հաշվարկման պարտավորության մասին, իրավական առումով, հիմնավորված չեն. այդ մարմինները դեռևս չեն նշել այն իրավական հետևանքները, որոնք վրա կհասնեն, եթե գործատուները չկատարեն կուտակային վճարի հաշվարկ, այն գործատուներն, ովքեր իրենց աշխատողների հիմնավոր պահանջով չեն կատարելու վճարումներ համապատասխան կամուրջ հաշիվներին, պարզապես կարող են և չպետք է կատարեն նաև կուտակային վճարների հաշվարկ և առավել ևս պահում, կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն, չկա կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման առանձին պարտականություն, համապատասխան պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները, որոնցով պնդվում է, որ հաշվարկման պարտականությունը չի կասեցված և պահպանվում է, որևէ իրավական հիմք չունի, իսկ կուտակային վճարների չհաշվարկումը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել գործատուների համար»:
 
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»